Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Մեդվեդեւը ճնշում է բանեցնելու Ալիեւի վրա»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, վաղը Սոչիում կայանալիք Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը փորձելու է ճնշում բանեցնել Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի հնարավոր լինի եռակողմ ձեւաչափով նոր հանդիպում անցկացնել:

«Ամենաուշագրավն այն է, որ անցած շաբաթ ռուսական եւ վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը առաջին անգամ հանդես եկավ բացահայտ սպառնալիքով, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ լուրջ դաս են քաղել ռուս-վրացական պատերազմից, եւ հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի նախագահը կանչում է Իլհամ Ալիեւին Սոչի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Փորձագետը եզրակացնում է. - «Սա ցույց է տալիս Կազանից հետո ռուսների մոտ առկա հիասթափությունը ադրբեջանական կողմից, որը շատերի կարծիքով հիմնական խոչընդոտն էր, որ Կազանում համաձայնություն ձեռք չբերվեց: Եվ մենք պետք է սպասենք, որ վաղը Մեդվեդեւը վերստին ի ցույց է դնելու ռուսական կողմի դժգոհությունը Ադրբեջանից եւ ճնշում է բանեցնելու Ալիեւի վրա, որպեսզի նա մասնակցի Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպմանը»:

Հիշեցնենք, ղարաբաղյան հարցի շուրջ հունիսի 24-ին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ռուսաստանյան դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել էր, թե «հաջորդ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է միայն մի դեպքում, եթե դրա ընթացքում ստորագրվի ղարաբաղյան կարգավորման պատրաստված պլանը»:

«Ուշագրավ է, որ հուլիսին ղարաբաղյան հարցի շուրջ հետկուլիսյան դիվանագիտությունը շարունակվում էր», – այսօր նաեւ նշեց Կիրակոսյանը։ – «ԵԱՀԿ–ի Մինսկի խումբը նախ ժամանեց Մոսկվա, հետո Վիլնյուս, հետո Բաքու ու Երեւան։ Հակամարտության կողմերին ռուսներն ուղարկեցին նոր առաջարկություններ, որոնք մինչ օրս անհայտ են։ Այս ամենը ցույց է տալիս ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու՝ ռուսական կողմի հերթական փորձը։ Բայց ես կասկածներ ունեմ, որ ռուսներին որեւէ բան կհաջողվի եւ մենք չպետք է որեւէ բան սպասենք։ Հետաքրքիր է Ադրբեջանի ռազմավարությունը, որն այսօր նշանակում է՝ սպասել, ժամանակ շահել։ Այն երկու պատճառ ունի։ Առաջին, որ Բաքվում հույս ունեն ղարաբաղյան հարցում տեսնել Եվրամիության առավել մեծ դերակատարություն, որպեսզի հարցով չզբաղվի միայն ԵԱՀԿ–ի Մինսկի խումբը։ Երկրորդ՝ այնտեղ հույս ունեն երկարատեւ ժամանակահատվածում տնտեսապես թուլացնել Հայաստանին ռազմական ծախսերի մեծացման միջոցով։ Ուստի, չնայած Մոսկվա ճնշում կբանեցին Բաքվի նկատմամբ, ես չեմ կարծում, թե դա կաշխատի եւ որեւէ արդյունք պետք է սպասենք»։

Քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, արխիվային լուսանկար
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմը 1993-1999 թվականներին ղեկավարած Էլդար Նամազովը օգոստոսի 9-ին Սոչիում կայանալիք հանդիպման վերաբերյալ ասաց, թե մեծ սպասելիքներ չունի եւ չի կարծում, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի համաձայնության հանգել հիմնարար սկզբունքների շուրջ:

«Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու է հանդիպումը կայանում հենց նման ձեւաչափով, հայտնի է, որ կազանյան հանդիպման ձախողումից հետո [Ռուսաստանի] նախագահի աշխատակազմի տեղեկացված աղբյուրները հայտնեցին, որ հաջորդ անգամ նման հանդիպում կկայանա, եթե նախնական պայմանավորվածություն լինի որեւէ համաձայնության ստորագրման մասին: Կարծում եմ, որ այդ իսկ պատճառով առաջիկայում երկկողմ ձեւաչափով հանդիպումների ականատեսը կլինենք. հանդիպումներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ, որպեսզի ինչ-որ միջանկյալ համաձայնություն ձեռք բերվի, որից հետո էլ հնարավոր կլինի նոր եռակողմ հանդիպում կազմակերպել», - նշեց Նամազովը:

Հավելենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին, ըստ որի օգոստոսի 12-ից 13–ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով, որի շրջանակներում կայանալու է նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպումը, ուր քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Հայաստանի նախագահի գրասենյակից, սակայն, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այս տեղեկատվությունը, միայն ասելով, որ Հայաստանի նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացվում է «պատշաճ կարգով եւ ժամանակին»։
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG