Մատչելիության հղումներ

C-300 համալիրների առկայությունը Ադրբեջանում «չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա»


C-300 հակաօդային պաշտպանության համալիրը:
C-300 հակաօդային պաշտպանության համալիրը:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանի տրամադրության տակ եղած հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրը «ոչնչով չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա»:

«Առկա ռազմական փոխդասավորվածության վրա այդ համալիրը ոչնչով չի ազդելու եւ Ադրբեջանին որեւէ ռազմավարական առավելություն չի տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Տոնոյանը` շարունակելով. - «Ինչ վերաբերում է, օրինակ, Ադրբեջանի կողմից հավանական ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա այդ դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունները վարել նաեւ սեփական տարածքում, որոնց ժամանակ С-300 համալիրը դժվար թե էական աջակցություն ցուցաբերի»:

Նշված համալիրը, հիշեցնենք, ցուցադրվել է անցած կիրակի` Ադրբեջանի զինված ուժերի օրը, Բաքվում կայացած զորահանդեսում:

Հիշեցնենք` անցած տարվա ամռանը ռուսաստանյան երկու հեղինակավոր պարբերականներ` «Վեդոմոստի»-ն եւ «Նեզավասիմայա գազետա»-ն, հղում կատարելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերության ոլորտում եւ պաշտպանության նախարարությունում իրենց աղբյուրներին, գրեցին, թե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է С-300 «Ֆավորիտ» տեսակի երկու համալիր` 300 միլիոն դոլարով:

Չնայած ռուսաստանյան զենք-զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող պետական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունը հերքեց С-300-ների վաճառքի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջի առկա համաձայնությունը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հայտարարեց, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300-ների վաճառքը գտնվում է ընթացքի մեջ:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքը ձեռնտու կոմերցիոն գործարք է: Այդ հարցը անտեղի քաղաքականացվում է եւ, առաջին հերթին` Ադրբեջանի կողմից», - նշեց Տոնոյանը` պարզաբանելով. - «Բուն ռազմական տեսանկյունից այդ համալիրը չի սպառնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը այն պարզ պատճառով, որ դա հակաօդային պաշտպանության համալիր է եւ կրում է պաշտպանական բնույթ: Իսկ ո'չ Հայաստանի Հանրապետությունը եւ ո'չ էլ Լեռնային Ղարաբաղը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ»:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը սկսել է ձեռք բերել պաշտպանական բնույթի սպառազինություն. - «Միեւնույն ժամանակ, տվյալ համալիրի ձեռքբերումը եւ այդ հարցի շուրջ քաղաքական շահարկումները վկայում են, որ մեր հարեւանը հարձակողական տեսակների սպառազինությունից անցում է կատարել պաշտպանողական սպառազինության տեսակներ ձեռք բերելուն, ինչը նույնպես խորհելու տեղիք է տալիս: Հայաստանը նույնպես ունի նման համալիրներ, որոնք լիովին համապատասխանեցված են մեր պայմաններին եւ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում: Ի տարբերություն Ադրբեջանի, մեր համալիրները ծածկում են հավանական ռազմական գործողությունների ողջ օդային տարածքը եւ իրենց քանակական եւ որակական տվյալներով շատ ավելի մեծ կարողություններ ունեն: Ուստի C-300 համալիրների առկայության փաստը պետք է անհանգստացնի ռազմական գործողությունների սպառնալիքի դիրքերից հանդես եկող Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:

Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերմանը, Դավիթ Տոնոյանը նշեց. - «Հայաստանը ուղղակի հետեւողականորեն զարգացնում է իր զինված ուժերը, համապատասխանեցնում ժամանակակից պահանջներին, մեր պետության առջեւ ծառացած ռազմական անվտանգության խնդիրների արդյունավետ լուծմանը: Ուստի մենք առաջնորդվում ենք ոչ թե հակառակորդի կոնկրետ քայլերին հակաքայլերի սկզբունքով, այլ ցուցաբերում ենք առավել համակարգային եւ խորքային մոտեցում: Հայաստանում ավարտվել է Պաշտպանության ռազմավարության վերանայման գործընթացը, որի հիման վրա իրականացվում է ՀՀ Զինված ուժերի զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է խելացի պաշտպանություն եւ ժամանակակից պատերազմ վարելու կարողություն»:

Անցած տարվա օգոստոսին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա:

Այս կապակցությամբ Տոնոյանը ասաց. - «Այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել եւ շարունակվելու է ավելի արագ տեմպերով: Ժամանակակից պատերազմը պահանջում է նաեւ օպերատիվ մարտավարական արվեստ, կապի, հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխկապակցված գործողություններ եւ այլն: Ուստի այդ ուղղությամբ եւս ծավալուն աշխատանք է կատարվում: Ընդ որում` տեղական արտադրության սպառազինության վրա է շեշտը դրվում, մասնավորապես` մեծ աղմուկ բարձրացրած մեր արտադրության անօդաչու թռչող սարքերը»:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը` ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու մասին. - «Կարծում եմ, որ այդ հայտարարությունները առավելապես քաղաքական են, քանի որ մեր հարեւանը նույնպես տեղյակ է մեր իրական հնարավորությունների մասին: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ինքնախաբեությունից դրդված` ռազմական գործողություններ սկսի, նրա կողմից ռազմավարական կամ օպերատիվ հաջողությունների հասնելը գրեթե բացառում եմ: Նոր պատերազմը միայն կհանգեցնի նոր զոհերի եւ ավերածությունների»:
please wait

No media source currently available

0:00 0:06:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG