Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան փորձագետները` Կազանի հանդիպման մասին


Փորձագետները Լեռնային Ղարաբաղում դրական են գնահատում այն, որ Կազանում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց:

Քաղաքագետ Մասիս Մայիլյանի խոսքով` Կազանում կողմերին առաջարկված փաստաթուղթը հակասում է հայկական կողմի շահերին:

«Այդ մադրիդյան կոչվող փաստաթուղթը եւ տարրերը, որ պարունակում է այդ առաջարկը, ես համարում եմ մի առաջարկ, որը հակասում է Հայաստանի եւ Արցախի ազգային շահերին, եւ այս առումով դրական է, որ հիմնարար սկզբունքները չեն ընդունվել Կազանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մայիլյանը` շարունակելով. - «Բացասականը այն է, որ, ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, կողմերը դեռ պիտի շարունակեն աշխատանքները մադրիդյան սկզբունքների վրա, եւ այդ փաստաթուղթը դեռ մնում է սեղանին»:

Նրա կարծիքով, բանակցային գործընթացում բեկում կլինի այն ժամանակ, երբ կողմերը հրաժարվեն քննարկվող փաստաթղթից եւ սկսեն նոր փուլ:

Մայիլյանը նաեւ կողմնակից է ստատուս քվոյի փոփոխությանը. - «Այնպիսի կարծիք կա, որ ստատուս քվոն ավելի շատ ձեռնտու է հայկական կողմին: Դա այդպես չէ: Մենք էլ ենք շահագրգռված, որ ստատուս քվոն փոխվի, բայց այն պետք է փոխվի դրական իմաստով: Այսինքն` եթե ստատուս քվոյի փոփոխությունը բերելու է պատերազմի, ուրեմն ավելի լավ է պահպանվի այսօրվա ստատուս քվոն: Պատերազմն էլ է ստատուս քվոյի փոփոխություն, Արցախի Հանրապետության ճանաչումն էլ է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ տարբերակներից մեկը կարող է լինել Արցախի միջազգային ճանաչումը, որը կփակի որեւէ ռազմական հեռանկար>:

Փորձագետ` Հրաչյա Արզումանյանը կիսում է Մասիս Մայիլյանի կարծիքը` շեշտելով, որ համաձայնության հասնելու համար Հայաստանի փոխարեն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղը:

«Լուծումը կարող է տեղի ունենալ` եթե լսվում է եւ ընդունվում է Արցախի կարծիքը: Եվ եթե միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը այսօր պատրաստ չեն խոսել ավելի մոտիկ եւ ռեալ ֆորմատների մասին, ուղղակի դա հետաձգվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արզումանյանը:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի համոզմամբ` եթե Մինսկի խմբի միջնորդներն ու միջազգային հանրությունը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա պետք է պարտադրեն Ադրբեջանին ստորագրել փաստաթուղթը:

«Այդ երկրի սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղ` որպես պետական կազմավորում, գոյություն չունի: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Ադրբեջանը միասնական, ունիտար պետություն է: Եվ այդ պետության ղեկավարը, բնականաբար, ձգտում է հասնել նրան, ինչը ամրագրված է իր երկրի Սահմանադրությամբ: Սա է Ադրբեջանի պետական նպատակադրվածությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աթանեսյանը` շարունակելով. - «Ինչպե՞ս կհասնի դրան: Խաղաղ ճանապարհով ուղղակի բացառվում է. տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե որեւէ մեկը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Ադրբեջանի միանշանակ իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Պատերազմը ելք է, հնարավորություն է, բայց պատերազմը հնարավորություն է կողմերից յուրաքանչյուրի համար: Դրա համար էլ Ադրբեջանը որոշում չի կայացնում… «Իքս» պահը անընդհատ հետաձգվում է: Այլ խնդիր է, որ եթե միջազգային միջնորդներն են շահագրգռված, որ խնդրին պետք է տրվի լուծում, եւ խնդիրը պետք է լուծվի այն մեթոդաբանությամբ, որը մշակվել է, ապա նրանք պետք է Ադրբեջանին պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը ստորագրի: Կամավոր Ադրբեջանը չի ստորագրի»:
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG