Մատչելիության հղումներ

Ռաուֆ Ռաջաբով. «Հանրաքվեն չի կարող անցկացվել առանց ադրբեջանցիների մասնակցության»


Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան
Ադրբեջանցի քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովի խոսքերով, Կազանի հանդիպումից Բաքվում սպասում են «միջանկյալ կոնկրետ արդյունքներ»: Նման կարծիք Ռաջաբովը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Բազմաթիվ են գնահատականներն ու հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքում կայանալիք այդ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին:

«Եռակողմ բազմաթիվ հանդիպումներ են եղել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ, եւ սպասվում է, որ կոնկրետ փաստաթուղթ կստորագրվի, որը կկարողանա հիմնավորել այդ բոլոր հանդիպումներն ու խոսակցությունները: Այն մթնոլորտը, որը ներկայում ձեւավորվել է, հուշում է, որ իր վերջո այդ ստորագրումը տեղի կունենա, այսինքն` կոնկրետ սկզբունքների [շուրջ] եւ այլն», - նշեց ադրբեջանցի քաղաքագետը:

Ըստ Ռաջաբովի, այն տեղեկությունները, որոնք այսօր շրջանառվում են, հուշում են, որ ստորագրվելիք փաստաթղթում պետք է լինեն Ղարաբաղին հարակից 7 շրջաններից հայկական ուժերի դուրսբերումը եւ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը:

«Ուշագրավ է, որ նախկինում այդ միջանկյալ կարգավիճակի մասին չէին խոսում, իսկ այսօր` Կազանի հանդիպումից առաջ, խոսում են: Ադրբեջանում փորձագետների մի մասը գտնում է, որ դա սպառնալիք է Ադրբեջանին: Մյուս մասն էլ կարծում է, որ անհրաժեշտ է որոշակիացնել միջանկյալ կարգավիճակը, որովհետեւ փոխզիջումները պետք է լինեն երկու կողմից էլ: Բացի այդ` խաղաղապահների տեղակայումը… հարցեր են ծագում, թե որ երկրների ուժերը պետք է տեղակայվեն, որ շրջաններում եւ ինչ ժամանակահատվածում», - ասաց քաղաքագետը:

Հարցին, թե «միջանկյալ կարգավիճակ» ասելով ինչ նկատի ունեն Բաքվում, Ռաուֆ Ռաջաբովը պատասխանեց, թե խոսքը «ուղղահայաց» ինչ-որ վիճակի մասին չէ` Երեւան-Ստեփանակերտ, կամ Բաքու- Ստեփանակերտ, որովհետեւ այդ պարագայում փոխզիջման հանգել հանրավոր չէ:

«Անկասկած կարող է խոսք գնալ այնպիսի միջանկյալ կարգավիճակի մասին, որը թույլ կտա հանգել փոխզիջման: Սրա հետ է կապված մեկ այլ կարեւոր հարց` Ղարաբաղի ադրբեջանցիների վերադարձը` մոտ 50-60 հազար մարդ, եւ որից հետո միայն կարելի կլինի անցկացնել հանրաքվե: Այսինքն` հանրաքվեն չի կարող անցկացվել առանց ադրբեջանցիների մասնակցության: Եթե Ղարաբաղը ուղղահայաց կախվածության մեջ լինի կողմերից մեկից, այդ կողմը կփորձի ճնշում բանեցնել հանրաքվեի ժամանակ` ստանալու իրեն ձեռնտու արդյունքը: Այսինքն` պետք է փորձել գտնել այնպիսի մի մեխանիզմ, որը կհանգեցնի դրականի եւ ոչ թե հակամարտության», - կարծիք հայտնեց ադրբեջանցի քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG