Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի ստորագրությունը պարտադիր պետք է լինի»


Վլադիմիր Կարապետյան
Վլադիմիր Կարապետյան
«Ես կարծում եմ, որ պարտադիր Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը պետք է լինի այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

«Այլ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը չկա, ես չեմ պատկերացնում` ոնց կարող է իրականացվի», - ընդգծեց Կարապետյանը, արձագանքելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` չորեքշաբթի օրը Ստեփանակերտում արած հայտարարությանը:

Մինսկի խմբի միջնորդները Ստեփանակերտում հայտարարել են, թե հույս ունեն, որ Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը նախագահները հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին:

«Կարծում եմ, իրենք որեւէ նոր բան չասացին, պարզապես կրկնեցին կամ վերահաստատեցին իրենց երկրների նախագահների` մի քանի օր առաջ արված հայտարարությունը», - ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը` հավելելով. - «Այսինքն, բոլորիս համար պարզ է` սեղանին կա փաստաթուղթ, եւ կողմերը պետք է գնան այն ստորագրելուն: Հիմա, ինձ շատ հետաքրքրում է, թե ի՞նչ են խոսում համանախագահները Ղարաբաղում. վստահաբար, բացի փաստաթղթի դրույթներից, ուրիշ բան չունեն իրենք խոսելու Ղարաբաղում»:

«Արդեն որերորդ այցն է Լեռնային Ղարաբաղ, բայց մենք ծանոթ չենք, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, նախագահը, արտգործնախարարը ի՞նչ դիրքորոշում ունեն այդ փաստաթղթի վերաբերյալ, որի մասին հիմա բոլորն են խոսում: Մուսկոկայի եւ Ակվիլայի հայտարարության մեջ կա դրույթ տարածքների վերադարձի վերաբերյալ: Ո՞վ է տարածքները վերադարձնելու, ո՞վ պետք է ստորագրի այդ փաստաթուղթը տարածքների վերադարձի մասին: Ինչո՞ւ պետք է Հայաստանի արտգործնախարարը կամ Սերժ Սարգսյանը նման փաստաթուղթ ստորագրի», - ընդգծեց Կարապետյանը:

«Այդ տարածքները այսօր ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ որպես Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Ի վերջո, պարզ չէ՞` եթե Լեռնային Ղարաբաղը չի ստորագրում այս փաստաթղթի տակ, այլ միայն Հայաստանն է ստորագրում` մենք ենք կրում պատասխանատվություն տարածքները վերադարձնելու համար: Բայց չէ որ մենք մշտապես ասել ենք, որ այդ տարածքները անցել են Ղարաբաղի վերահսկողության ներքո այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի դեմ: Եթե Ղարաբաղի վերահսկողության ներքո են տարածքները, ինչո՞ւ պետք է Հայաստանը այդ տարածքների համար պատասխանատվություն կրի», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG