Հինգշաբթի, Հունիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 06:47

Մեկնաբանություն

«Հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ - թուրքական հարցում անակնկալները չեն բացառվում»

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Տեքստի չափը - +
«Հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ - թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները չեն բացառվում», - hամոզված է Թուրքիայի առաջատար իշխանամետ պարբերականներից մեկի՝ Sabah-ի մեկնաբան Յավուզ Բայդարը:

Անձամբ իշխող վերնախավի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բավական սերտ կապեր ունեցող լրագրողը անգամ չի բացառում, որ կարող է մի այնպիսի պահ գալ, երբ կողմերը կենտրոնանան ցյուրիխյան արձանագրություններից միայն մեկի վրա:

«Եթե Անկարան եւ Երեւանը համաձայնության գան, ապա չի բացառվում, որ վավերացվի արձանագրությունների միայն մեկը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Որպես արդյունք` կարող են գլխավոր հյուպատոսություններ բացվել Ստամբուլում եւ Երեւանում», - նշում է Բայդարը` հատուկ ընդգծելով, սակայն, թե շատ լավ ըմբռնում է, որ «հայկական կողմի համար առանցքային խնդիրը սահմանի բացումն է»:

«Չի բացառվում, որ կողմերը համաձայնության գան: Ամեն ինչ բանակցություններից է կախված: Ամեն դեպքում, նման զարգացման հնարավորությունն առկա է», - նշում է Sabah-ի հոդվածագիրը` չհստակեցնելով սակայն` արդյոք դա զուտ թուրքական կողմի՞ ցանկությունն է, թե՞ կոնկրետ ինչ-որ առաջարկ, որ քննարկվում է դիվանագիտական շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Բայդարը պատասխանեց հայ լրագրողների հետ Sabah-ի խմբագրությունում կազմակերպված հանդիպման ժամանակ, որի նախաձեռնողներն էին Ստամբուլում գործող Քաղաքական գլոբալ գործընթացների ուսումնասիրության կենտրոնն ու Երեւանի Մամուլի ակումբը:

Հայտնի թուրք լրագրողի խոսքով` հայ - թուրքական հարաբերություններին անդրադառնալիս լավ կլիներ նաեւ հիշել այն դերակատարության մասին, որ արդեն մի քանի տարի է, ինչ ստանձնել է երկրի նախագահը:

«Սա Թուրքիան է, եւ ամեն տեսակի անակնկալների պետք է պատրաստ լինենք: Թեեւ Ղարաբաղի հարցի պատճառով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը հայտնվել է մեռյալ վիճակում, այնուհանդերձ, կա մեկը, որ ցանկանում է լուծել այս հարցը եւ ուշի ուշով հետեւում է դրան: Դա նախագահ Աբդուլա Գյուլն է: Թեեւ նրա իշխանությունը սահմանափակ է, սակայն մոռանալ նրա ունեցած ազդեցության ու հնարավորությունների մասին պետք չէ», - նշում է թուրք փորձագետը:

Ինչ վերաբերում է թուրքական իշխող զույգի երկրորդ` առավել ազդեցիկ անդամին` վարչապետ Էրդողանին, ապա այստեղ, Sabah-ի հոդվածագրի կարծիքով, ամեն ինչ ավելի բարդ է:

«Էրդողանն այս հարցում հաշվի է նստում մի շատ կարեւոր գործոնի՝ ադրբեջանցիների հետ: Հայ - թուրքական հարաբերությունների խնդրի վերադարձը օրակարգ, սակայն, կախված է մի հանգամանքից՝ արդյոք իշխող կուսակցության ազդեցիկ անդամների մեջ կգտնվե՞ն գործիչներ, որ կկարողանան նրան համոզել, թե դա անհրաժեշտ է», - ասում է Բայդարը:

Նա նաեւ նշում է, որ տարածված այն տեսակետը, թե Էրդողանը սկզբունքայնորեն դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնքան էլ ճիշտ չէ:

«Էրդողանն ամեն ինչ հասկանում է եւ հարաբերությունների հաստատմանը դեմ չէ: Նա, սակայն, զուտ էներգետիկ գործոնից ելնելով չի կարող Ադրբեջանի հետ հաշվի չնստել: Սրան էլ գումարած` չենք կարող չնկատել, որ վերջին չորս ամիսներին՝ ողջ քարոզարշավի ընթացքում փաստորեն, Էրդողանը խիստ ազգայնական հռետորաբանություն էր որդեգրել: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ի դեմս Էրդողանի գործ ունենք խիստ պրագմատիկ եւ ամեն ինչ հաշվարկելու հակված գործչի հետ, ապա համոզված կարող եմ ասել՝ այն պահին, երբ նա քաղաքական շահավետություն զգա, հայ - թուրքական հարաբերությունների շուրջ կրկին առաջընթաց կարձանագրվի: Ավելին, նրա այս ազգայնական հայտարարությունների տոնայնությունը մեղմանալու է հունիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո», - ասում է Բայդարը:

Ամեն ինչ սակայն, ըստ Sabah-ի հոդվածագրի, կախված է առաջիկա քվեարկության արդյունքներից:

«Եվ եթե Էրդողանի կուսակցությունը կարողանա 40-50 տոկոս քվե ստանալ, իրադարձություններն էլ կարծես հենց նման ընթացքով են զարգանում,ապա այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերություններում կարող են ավելի անհավանական եւ անսպասելի քայլեր արվել», - նշում է Յավուզ Բայդարը:

Ի դեպ, Յավուզ Բայդարի տեղեկություններով` ծայրահեղ ազգայնականների խորհրդարանում հայտնվելու հավանականությունը 50/50 է: Փակ հարցումները վկայում են, որ անցած տարի Անիի Մայր տաճարում խմբակային նամազ կազմակերպած կուսակցության  վարկանիշը տատանվում է 9-11 տոկոսի միջակայքում:

Նույն հետազոտությունների համաձայն` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին հանդես եկող քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ հաջորդ գումարման մեջլիսում կարող  է ունենալ առնվազն 30 տեղ` ներկայիս 20-ի փոխարեն:


Գեւորգ Ստամբոլցյան, Ստամբուլից
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
ABO , : usa
09.06.2011 00:00
+0 / -0
zgushanalu gamanak@ antsel e hima pastern e karevor . Herik chi xapen naxagahi makardakov en xapum ???? tesnel e petk pasterov nerexutyun xndern yev inch vor xlel en yev goxatsel talanel veradartsnenl

Դավիթ , : Երևան
08.06.2011 22:32
+0 / -0
Ինչպես գիտենք Հայաստանը համաձայնել է, որ ստեղծվի միջկառավարական հանձնաժողովում պատմաբանների ենթահանձնաժողով: Սա ամենամեծ ու անընդունելի սխալն էր: Առաջանում է հարց. ինչ է անելու այդ ենթահանձնաժողովը: Կոստանդնուպոլսի գրավումն է քննարկելու 1453թ. , թե Մանազկերտի ճակատամարտը: Իհարկե ոչ: Կատարվելու է թուրքերին ձեռնտու մի քայլ` 1915թ.-ի դեպքերի` Հայոց Մեծ Եղեռնի քննարկումը(Հայաստանի ու Թուրքիայի միջև եղած այն <<կնճիռը>>, որի պատճառով են հարաբերություններն այսքան վատ են), բայց այս անգամ հայերի մասնակցությամբ է քննարկվելու: Իհարկե, որ քաղաքական հանձնաժողովում քննարկվի, ապա նորմալ է, մենք պետք է թուրքերին բացատրենք, թե ինչ է եղել իրականում, բայց հոնց տարանք պատմական հարթակ, սարքեցինք փոշոտ ակադեմիական հարց` վերջ, կորած ենք:
Թուրքերը հայտարարել են, թե ինչ էլ պարզի հաձնաժողովը` համաձայն կլինեն: Այսինքն համոզված են, որ թուրքամետ լուծում է լինելու և աղավաղվելու են 1915-ի դեպքերը:
Այդ քննարկումները կարող են տարիներ ձգվել, որոնց ընթացքում թուրքական քարոզչամեքենան ինտենսիվ կերպով խորհուրդ կտա այլ երկրներին հեռու մնալ Ցեղասպանության ճանաչումից, իսկ ճանաչած երկրներին էլ ասելով վերանայել իրենց տեսակետը: Ցեղասպանությունը ճանաչած երկրների վրա ճնշում կկարողանա գործադրել, ասելով, որ ինչու են ճանաչել` հիմնավորելով, թե գնում է քննարկում և նույնիսկ իրենք էլ հայերի հետ չեն պարզել եղել է Ցեղասպանություն, թե չի եղել:
Հիմա արդեն որոշ կազմակորպություններ, ԶԼՄ-ներ զերծ են մնում Ցեղասպանություն բառը օգտագործելուց` ասելով, որ գնում է գործընթաց:
Թուրքիան այսօր ասում է քաղաքական հարցերը Հայաստանի խնդիրն է, իսկ պատմական և Արևմտյան Հայաստանը` սփյուռքինը: Փորձ է արվում սեպ խրել Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև: Այս թակարդը ընկնել չի կարելի:
Իսկ Դավութօղլուն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ եթե նույնիսկ աշխարհն էլ փուլ գա, Թուրքիան չի ձեռնարկի այնպիսի քայեր, որոնք Ադրբեջանի շահերը ոտնահարեն:
Հետո ասվում է համատեղ պայքարեն ահաբեկչության, ծայրահեղականության դեմ և չհանդուրժեն կամ չխրախուսեն դա: Սրանից օգտվելով թուրքերը կասեն, որ երիտթուրքական առաջնորդնրին սպանածները ահաբեկիչներ են և մենք նույնիսկ չենք կարողանա <<Նեմեզիս>> օպերացիան մեր դասագրքերում գրել ու խոսել դրա մասին, այսինքն հայ վրիժառուների մասին, ովքեր սպանեցին Մեծ Եղեռնի գլխավոր մեղավորներին` Մեհմեդ Թալեաթին, Ահմեդ Ջեմալին, Իսմաիլ Էնվերին:
Կարող է գրվի մի նոր պատմություն, մի նոր պատմություն, որը այսպես ասած ընդունելի կլինի թուրքեր համար, ինչպիսին որ գրվել է թուրք-հունական հարաբերությունների մասին:
Անկասկած, արձանագրությունները կազդեն Ղարաբաղյան հարցի վրա` տարածքային ամբողջականության մասին հոդվածի համաձայն:
Պարո'ն Սարգսյան, ես ձեզանից այդպիսի բան չէի սպասում:
ՊԵՏՔ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ ՀՀ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

Լևոն , : Աբովյան
08.06.2011 21:35
+0 / -0
Չկարողանալով ներքաղաքական, սոցիալ-տնտեսական ձեռքբերումներ արձանագրել (բնակչությանը ներկայացվող քարոզչական թոզը հաշվի մեջ չէ), «հայրենի» իշխանություններն ուզում են իրենց իմիջը բարելավել գոնե արտաքին քաղաքական ոլորտում:
Նման գործելակերպը վերջի սկիզբն է:
Այդպես եղավ նաև1997-ին, երբ Լ.Տ-Պ-էր «նախագահը»:
Շատերն են հիշում նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն...» հոդվածը: Հիշում են նաև հայտնի մամլո ասուլիսն ու «Սերգո ջան»-ի
լավ ապրել-չապրելու պայմանները:
Պատմությունն ուզում է կրկնվել: Սա արդեն ֆարս չի լինի, այլ ձեռառնելիք:

Էրիկ Ղուկասյան , : Երևան
08.06.2011 15:12
+0 / -0
Հարգելիներս, կարծում եմ կան նյուանսներ. Մեր ղեկավարությունը այդ ամենը շատ լավ հասկանալով էլ հենց արել է այդ քայլը (հարաբերությունների լավացման փորձ).: Իմանալով հանդերձ, որ Թուրքիան առաջ է դնելու նախապայմաններ, Հայաստանը իր այդ քայլով ցույց է տալիս աշխարհին իր բարի դրացիական տրամադրվածությունը, որ ինքը առաջինն է անում այդ քայլը: Այսօրվա դրությամբ Թուրքիան ել է փորձում նման քայլ անել, բայց արդեն նա երկրորդն է::

David , : Germany
08.06.2011 12:28
+0 / -0
Hargeli David,

es el em Jez nman mtatsum, mets sxal er ayd paymanagire kam dra nman mi ban.
Minchev Tseraspanutyan chanchume chlini, vochmi haraperutyan masin xosq linele animast u naev mer hayeri hamar viravorakan e.
Harganqnerov
David

Սարո , : Երևան
08.06.2011 12:26
+0 / -0
Էրդողանը լինի, թե նրա հակառակորդը էական չի. կա մի պարզ ճշմարտություն (ոչ վաղ անցյալի արյունալի եղերագործությունները դրա վառ ապացույցն են), թուրքին չի° կարելի հավատալ:

Դավիթ , : Երևան
08.06.2011 11:06
+0 / -0
Թուրքիայի հետ հարաբերությունները չեն լավանա միչև չընդունվի Ցեղասպանությունը և հետ չվերադարձվի Արևմտյան Հայսատանը: Ինչ բարելավման մասին է խոսքը??? Պետք է զգուշանալ թուրքական թակարդներից:
Խայտառակություն էին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք միակողմանի էին ՀՀ-ն համար: Ամենաանընդունելին այն էր, որ դրանք կասկածի տակ էին դնում Ցեղասպանությունը: Այդ արձանագրությունները կարդալով Հայ Դատի հանձնախումբը սարսափում էր:
Եթե կրկին նմանապիպ բարելավման մասին է խոսքը, ապա պետք չէ:
Պետք է ետ կանչել ՀՀ ստորագրությունը:
Կարող է գրվի մի նոր պատմություն, մի նոր պատմություն, որը այսպես ասած ընդունելի կլինի թուրքեր համար, ինչպիսին որ գրվել է թուրք-հունական հարաբերությունների մասին:

Ամենակարդացվողը