Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանը ակնկալում է ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի արագ մշակում


Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ակնկալում է, որ Դովիլի հայտարարությունից հետո բավականին արագ կերպով կկազմվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիրը:

Ֆրանսիայի դեսպանը երկուշաբթի նման հայտարարություն արեց լրագրողների հետ հանդիպմանը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ներկայացնելով, թե ինչ սպասումներ ունի ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ Դովիլում ընդունված հայտնի հայտարարությունից հետո:

«Ես ակնկալում եմ, որ բավականին արագ կերպով [կկազմվի ղարաբաղյան հակամարտության] կարգավորմանն ուղղված համաձայնագիրը: Սպասում եմ, որ բավականին արագ կներգրավվեն բանակցային այնպիսի գործընթացի մեջ, որը պետք է հանգեցնի համաձայնագրին: Ակնկալում եմ, որ այդ համաձայնագիրը հնարավորինս արագ կյանքի կկոչվի: Ակնկալում եմ, որ սահմաններում լարվածությունը թուլանա: Ես ակնկալում եմ, որ անվստահությունը իր տեղը կզիջի վստահությանը, եւ համագործակցությունը կգա փոխարինելու թշնամանքին, որպեսզի ի վերջո այս տարածաշրջանը կարողանա իր առաջնահերթ կոչումը ետ բերել: Այսինքն կարողանա խաչմերուկի դերակատարություն ստանձնել` տարբեր երկրների միջեւ ու երկխոսության համար», - ասաց դեսպանը:

Հիշեցնենք` մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ Հունիսին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձավ նաեւ դովիլյան հայտարարության այն հատվածին, ուր Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլա Սարոկզին, մասնավորապես, նշում են. - «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

«Ասեմ, որ բավականին հստակ, բավականին ուժեղ, առանց երկիմաստությունների արված հայտարարություն է: Այն հստակ նշում է, որ եկել է ժամանակը աշխատել, մտածել, գտնել եզրեր` համաձայնագրի մշակման ուղղությամբ: Հայտարարությունն ի լուր աշխարհի զգուշացնում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, եւ հորդորում հակամարտող կողմերին հնարավորինս արագ համաձայնության եզրեր գտնել: Համոզված եմ, որ երկու կողմերն էլ հստակորեն հասկացել են այդ ուղերձի կարեւորությունը, եւ հույս ունեմ, որ այդ ընկալումը ի հայտ կգա Կազանում կայանալիք վեհաժողովի ժամանակ»:

Անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին` Անրի Ռենոն ասաց. - «Կարելի է միայն ուրախանալ ցանկացած լիցքաթափման գործընթացի կապակցությամբ, որը տեղի է ունենում Ֆրանսիայի համար բարեկամ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է: Ես շատ եմ ցանկանում, որ վերջերս տեղի ունեցած բոլոր այդ զարգացումներն իսկապես կարողանան իրենց դրսեւորումները գտնել Հայաստանի բոլոր ոլորտներում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG