Մատչելիության հղումներ

Գողության մեջ մեղադրվող երիտասարդը ահազանգում է խոշտանգումների ենթարկվելու մասին


Անցյալ տարեսկզբին «Մոսկվա» կինոթատրոնից 5 միլիոն դրամ գողանալու կասկածանքով ձերբակալված 28-ամյա Ստեփան Հովակիմյանի հայրը եւ փաստաբանը պնդում են, որ նա ոստիկանությունում խոշտանգումների արդյունքում է տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, սակայն դատարանը այդ փաստը հաշվի չի առնում:

Հովակիմյանը արդեն մեկ տարուց ավելի գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում` նախնական կալանքի տակ:

«Դատարանում Ստեփան Հովակիմյանը մանրամասն ցուցմունք է տվել իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին, սակայն դատը նախագահող դատավորի եւ մեղադրող կողմի դիրքորոշումը եղել է այն, որ եթե գտնում եք` ապօրինություններ է կատարվել ձեր նկատմամբ, ապա դիմեք իրավասու մարմիններին», - երեքշաբթի Փաստաբանների պալատում կայացած հանդիպման ժամանակ ասաց Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Ստեփան Հովակիմյանը հայտարարել է, որ խոշտանգումների արդյունքում է տվել ինքնախոստովանական ցուցմունքը, որն էլ դրվել է քրեական գործի հիմքում: Ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ ոստիկանության ծառայողների կողմից Հովակիմյանին ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորված տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետեւանք: Ծառայողական քննության ընթացքում ոստիկանները հերքել են Ստեփան Հովակիմյանի ասածը: Փաստաբանի եւ հոր խոսքով` Հովակիմյանը ժամանակին, երբ մարմնի վրա դեռ առկա են եղել խոշտանգումների ապացույցները, հնարավորություն չի ունեցել դիմել դատաբժշկական փորձաքննության:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասում է, որ օրենքի համաձայն Հովակիմյանի մեղավորության միակ ապացույցը` ինքնախոստովանական ցուցմունքը, չի կարող լինել գործ հարուցելու հիմք:

«Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը կարծում է, որ այս դեպքը եւս մեկ անգամ ահազանգ է այն մասին, որ ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից մարդուն խոշտանգումների ենթարկելու համար Հայաստանում չեն կիրառվում անհրաժեշտ պատժամիջոցներ:

«Մոսկվա» կինոթատրոնի 4 տեսախցիկներից կատարված շուրջ 2 ժամ տեւողությամբ տեսագրությունից իրավապահ մարմիններին հասել է միայն շատ կարճ` մոնտաժված հատված, որում կինոթատրոնի աշխատակիցները ճանաչել են Հովակիմյանին նման մի երիտասարդի: Կասկածյալի հոր` Բենիամին Հովակիմյանի պնդմամբ` ամբողջ տեսագրությունը իրենց հրաժարվել են տրամադրել` պատճառաբանելով, որ դրա բոլոր բազմացրած օրինակները անհետացել են, ինչին, սակայն, նա չի հավատում:

«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտին Ադոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց դա` նշելով, որ կինոթատրոնի տեսախցիկների տեսագրությունը ամբողջությամբ տրամադրվել է իրավապահ մարմիններին:

«Մենք ինչ ունեցել ենք, տվել ենք ոստիկաններին: Ինչո՞ւ պիտի կորեր դա», - ասաց Ադոյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բենիամին Հովակիմյանն ասաց, որ իր որդին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտախցում շատ ծանր պայմաններում է ապրում` չկան անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ. չկա անգամ քնելու մշտական տեղ և մարդիկ հերթով են քնում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ պայմաններում է ապրում Ստեփան Հովակիմյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ «Նուբարաշեն»-ը, իրոք, գերծանրաբեռնված է:

«Գերբնակեցումը, անշուշտ, անհարմարությունների պատճառ է, սակայն այս հանգամանքներում որոշ դատապարտված կամ կալանավորված անձանց կողմից վիճակը ներկայացվում է խիստ չափազանցված», - ասաց Բաբայանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG