Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. «Հայաստանը խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունների որոշումը` մոտ երեք անգամ մեծացնել Աֆղանստանում տեղակայված հայկական ստորաբաժանման կազմը, նշանակում է, որ պաշտոնական Երեւանը խորացնում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Կարծում եմ, կարեւոր է հասկանալ, որ սա լուրջ քայլերից մեկն է, որոնք ուղղված են ոչ միայն միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներգրավվածության մեծացմանը, այլեւ ցույց են տալիս, որ Հայաստանն ավելի խորն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Բայց էլ ավելի կարեւոր է այն ժամանակահատվածը, երբ կայացվեց այս որոշումը: Որոշումը, ըստ ամենայնի, կապված է Վրաստանի վերջին քայլի հետ` իր օդային, ցամաքային ու ծովային տարածքը փակել ռուսաստանյան ռազմական փոխադրումների համար: Բայց նաեւ կապ եմ տեսնում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությույնների վերսկսման վտանգի հետ, եւ իր այս որոշմամբ Հայաստանը վերստին ներկայանում է որպես մի երկիր` տարածաշրջանում միակը, որը ներդրում է կատարում տարածաշրջանային կայունության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց Կիրակոսյանը:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, հիշեցնենք, երեկ հավանության է արժանացրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյւանի ներկայացրած համաձայնագիրը, որով նախատեսվում է Աֆղանստանում` միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում գործող հայկական ստորաբաժանման թվակազմը ավելացնել մոտ երեք անգամ` 45 հոգուց հասցնելով մինչեւ 130-ի: Բացի այդ, նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորակազմի առաքելության ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Հանձնաժողովի հավանությունը արժանացած համաձայնագիրը ընդգրկվել է Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում:

Ռիչարդ Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը որոշել է բավականին կտրուկ կերպով` մոտ երեք անգամ ավելացնել իր զորակազմը Աֆղանստանում. - «Ռազմական տեսանկյունից` զորակազմի նման մեծացումը լայնացնում է Աֆղանստանում ռազմական փորձի ձեռք բերման հնարավորությունը: Հավանաբար սա վերջին անգամն է, երբ Հայաստանը երկարաձգում իր զորակազմի առաքելությունը Աֆղանստանում: Եթե Հայաստանը ողջ 2012 թվականի ընթացքում ներկա լինի Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիոն ուժերի կազմում, ապա, կարծում եմ, դրանից հետո հայկական ստորաբաժանումը ետ կվերադառնա, քանզի ԱՄՆ-ի ու դաշնակից այլ երկրների ուժերը սկսում են դուրս գալ Աֆղանստանից»:

Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության դինամիկայի վրա. - «Փաստն այն է, որ Հայաստանը ձգտում է առավելագույնս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ` գործը չհասցնելով անդամակցությանը: Հայաստանը փորձում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությամբ բարձրացնել իր ռազմավարական նշանակությունը եւ երկրորդ` այդ միջոցով փորձում է սակարկել Ռուսաստանի հետ ու նրանից ավելի շատ բան ստանալ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG