Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյանի գլխավորած կուսակցությունը հանրահավաք է անցկացնում ընդդեմ «անարդարության»


Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 7-ը հունվարի, 2011թ.
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 7-ը հունվարի, 2011թ.

«Ո'չ անարդարությանը», «Ո'չ բռնապետությանը», «Հերի’ք է հալածեք ժողովրդին», «ԱԼՄ-ն չե'նք հանձնի» կարգախոսներով ու կոչերով ուրբաթ օրը Մատենադատարանի մոտ հանրահավաք անցկացրեց «ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը:

Հանրահավաքը, դրա մասնակիցներից ոմանց բնորոշմամբ` անսպասելիորեն բազմամարդ էր: Իր գոհունակությունը հայտնելով այդ կապակցությամբ` Կարապետյանը ասաց. - «Մեղադրանքները, որ մեր շուրջը երկու պապիկ-տատիկ են կանգնած, ամբողջովին վարկաբեկում են ասողներին»:

Հունվարի 20–ից ԱԼՄ հեռուստաընկերությունը կեթերազրկվի։ Անցած տարվա դեկտեմբերի 16–ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կայացրած որոշմամբ ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվեց նույն հեռարձակման հաճախականության համար հայտ ներկայացրած «Երեւան» հեռուստաընկերությանը:

«Մենք ոչ թե միայն մեր հանդեպ անարդարության դեմ ենք ըմբոստացել, այլ ընդհանուր անարդարության դեմ։ Մենք ընդհանրապես դարձնելու ենք դա կարգախոս եւ կամայականությանը, անարդարությանը պատերազմ ենք հայտարարելու», - հանրահավաքից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Տիգրան Կարապետյանը:

ԱԼՄ-ի սեփականատերը նշեց, որ որեւէ արդյունք հանրահավաքից չի ակնկալում, պարզապես իրագործում են իրենց ժողովրդավարական իրավունքները, իսկ անարդարություն ասելով՝ Տիգրան Կարապետյանի պարզաբանմամբ, Ժողովրդական կուսակցությունը միայն հաճախությունների համար ՀՌԱՀ–ի կազմակերպած մրցույթը նկատի չունի։

«Ընդհանրապես բոլոր անարդարությունները, ներառված մեջը ե'ւ Մարտի 1-ը, ե'ւ բոլոր այն անարդարությունները, որոնք եղել են ե'ւ «Ա1+»-ի հանդեպ, ե'ւ «ԳԱԼԱ»-ի հանդեպ», - նշեց Կարապետյանը՝ հավելելով, թե այս հանրահավաքով իրենք ցանկանում են տեսնել՝ «Ժողովրդական կուսակցությունը ունի՞ կշիռ, թե՞ չունի»։

Ժողովրդական կուսակցության առաջնորդը հանդես եկավ նախաձեռնությամբ` ստեղծել «երեւանցիների հայրենասիրական, հայրենակցական միություն»:

Հանրահավաքի իր ելույթում Կարապետյանը շոշափելի տեղ էր հատկացրել սոցիալական հարցերին:

«Մենք ուզում ենք, որ չթալանեն ժողովրդին: Մենք ուզում ենք մի բան` որ մեզ հետ նստեն հաշվի», - ասաց նա:

Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ Ժողովրդական կուսակցության հաջորդ, «ավելի հուժկու» հանրահավաքը տեղի կունենա հունվարի 19-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե կարելի՞ է սպասել, որ Ժողովրդական կուսակցությունը կհամագործակցի նաեւ մյուս ընդդիմադիրների, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, Տիգրան Կարապետյանը արձագանքեց. – «Ո'չ ՀԱԿ–ը իր հայտարարության մեջ, ո'չ էլ «Ժառանգություն»-ը իր հայտարարության մեջ չնշեց ԱԼՄ-ն։ Մենք համարում ենք, որ ուրեմն իրենք միակողմանի են։ Մենք դա համարում ենք իրենց կողմից սխալ պահվածք»։

Դեկտեմբերի 16-ին՝ ՀՌԱՀ–ի կողմից լիցենզավորման մրցույթի արդյունքների հրապարակմանը անմիջապես արձագանքել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` դատապարտելով «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու մասին ՀՌԱՀ-ի որոշումը: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 24-ին, այն բանից հետո երբ նախօրեին հայտարարվեցին նաեւ մարզային հաճախությունների համար հայտարարված մրցույթի արդյունքները եւ անցած նախագահական ընտրություններին ընդդիմությանը առավել ակտիվ լուսաբանելով աչքի ընկած Գյումրիի ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եւս հեռարձակման արտոնագիր չստացավ, դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը։

ԱԼՄ՝ հանրահավաք ընդդեմ «անարդարության»
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
XS
SM
MD
LG