Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը 2011-ին Ղարաբաղի հարցով «մեծ առաջընթացի» հույս ունի


ԱՄՆ դեսպանը ԼՂ հարցում առաջընթացի հույս ունի
please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը, դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը, դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակն ակնհայտորեն շատ լուրջ է, հատկապես հաշվի առնելով շփման գծում տեղի ունեցած միջադեպերը», -«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ-ի դեսպանը, - «սակայն, կարծում ենք` ԵԱՀԿ-ի Աստանայի վերջին գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի խնդրով ընդունված հնգակողմ հռչակագիրը, որը ստորագրել էին նախագահներ Սարգսյանը, Ալիեւը եւ համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները, դրական ազդեցություն կունենա հարցի կարգավորման վրա»:

«Այդ հռչակագրով, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնեցին խնդրի խաղաղ կարգավորման համար առավել վճռական ջանքերի գործադրման կարեւորության հարցում: Կարծում եմ, որ նրանք համաձայնեցին նաեւ այն հարցում, որ միայն խնդրի` խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումն է, որ կհանգեցնի երկու ժողովուրդների հաշտեցմանը», - ասաց դեսպանը:

Մարի Յովանովիչի մեկնաբանությամբ, Աստանայում նախագահները համաձայնել են, որ խնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի` Ակվիլայում եւ Մուսկոկայում ընդունած համատեղ հայտարարությունների վրա:

«Նախագահական այս երկու հայտարարությունները հատկապես կարեւոր են ոչ միայն այն պատճառով, որ իրենց մեջ կրում են Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքները` այն է` տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ազատ ինքնորոշում եւ խնդրի խաղաղ կարգավորում, այլեւ առաջարկում են այն վեց տարրերը, որոնք, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ վերջնական լուծման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց դեսպանը:

«Այս ամենը, կարծում ենք, վկայում է առաջընթացի մասին, եւ հուսով ենք, որ 2011-ին մենք ականատես կլինենք ավելի մեծ առաջընթացի: Կարծում եմ նաեւ, որ սա է այս ուղղությամբ առաջ շարժվելու միակ ճանապարհը: Սա կարեւոր է Հայաստանի, կարեւոր է Ադրբեջանի, կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի համար», - ասաց Մարի Յովանովիչը:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ եք պատերազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում, ԱՄՆ-ի դեսպանը պատասխանեց. - «Ամեն ինչ էլ հնարավոր է այս կյանքում, սակայն մենք համոզված ենք, որ այս հարցի լուծման ճանապարհը դա չէ, եւ ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցին Աստանայում, որ հաշտեցման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»:

Պատասխանելով հարցին` որքանո՞վ եք հնարավոր համարում ներկայումս փաստացիորեն կասեցված հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերսկսումը 2011 թվականին, Մարի Յովանովիչը ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ կանխատեսելուց, այդուամենայնիվ նշելով, թե դժվար է պատկերացնել, որ երկու երկրների հարաբերությունները չկարգավորված կմնան եւս հարյուր տարի:

«Իմ կարծիքով, այս հարցի լուծման ուղղությամբ միակ իրատեսական ուղին ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, դա արդեն իսկ սկսված մերձեցման գործընթացի շարունակումն է: Դա կարեւոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Հայերն ու թուրքերը դարերով ապրել են միասին, եւ կարծում եմ, որ կգա օրը, երբ նրանք դարձյալ խաղաղությամբ կապրեն կողք կողքի», - ասաց դեսպանը:

Գնահատելով անցնող 2010 թվականը, Մարի Յովանովիչը, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ, 2010-ը հիանալի տարի էր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների բարելավման առումով»:

Դեսպան Յովանովիչը հիշեցրեց, որ տարին նշանավորվեց նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցով, որտեղ նա միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ ունեցավ իր գործընկերների հետ, առանձնազրույց ունեցավ նաեւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ, իսկ հուլիսին Հայաստան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Նշածս երկու իրադարձությունները, կարծում եմ իրապես դրական եւ օգտակար էին երկու երկրների հարաբերությունների համար, եւ ես հուսով եմ, որ գալիք 2011 թվականն այս առումով ավելի արդյունավետ կլինի», - եզրափակեց Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG