Բորիս Նեմցով. «Ռեսինը դավաճան է»
Շաբաթ օրը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կներկայացնի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ կուսակցականների վերջնական ցանկը:
Բորիս Նեմցովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար
Հրապարակված է՝ 07.10.2010
Ռուսաստանյան օրենսդրությամբ` Դաշնության սուբյեկտների ղեկավարների թեկնածությունները նախագահին ներկայացնում են տեղական խորհրդարաններում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը: Մոսկվայում այդ ուժը «Եդինայա Ռոսիա»-ն է:
Ռուս փորձագետները չեն բացառում, որ շաբաթ օրը նախագահ Մեդվեդեւին ներկայացվելիք ցանկում կարող է ընդգրկված լինել նաեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինը: Յուրի Լուժկովի վաղեմի թիմակիցը երեքշաբթի օրը հանդիպեց վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հանդիպման ավարտից բառացիորեն մի քանի ժամ անց պաշտոնապես դիմեց «Եդինայա Ռոսիա» կուսակցությանն անդամակցելու խնդրանքով:
Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փորձագետ Նիկոլայ Պետրովը ենթադրում է, որ Ռեսինի նշանակմանը զուգահեռ կարող է ստեղծվել քաղաքային կառավարության ղեկավարի պաշտոնը: «Մոսկովյան այդ վարչապետն էլ հետագայում կստանձնի քաղաքապետի իրավասությունները», - նշել է փորձագետը:
«Այդ դեպքում Ռեսինը կարող է անցումային դերակատարություն ստանձնել: Առաջիկա մեկուկես երկու տարիների ընթացքում այդ
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսին նորանշանակ անձնավորությունը փորձ ձեռք կբերի, աստիճանաբար իր ձեռքը կվերցնի քաղաքի կառավարման թե' քաղաքական եւ թե' տնտեսական լծակները», - ասել է Պետրովը:
Լուժկովի գործունեությունը խստորեն քննադատող զեկույցի համահեղինակներից Բորիս Նեմցովը համոզված է` Ռեսինի երկարատեւ պաշտոնավարումը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում անհնարին է:
«Ռեսինը դավաճան է: Նա գրեթե 20 տարի աշխատել է Լուժկովի թիմում եւ եղել է նախկին քաղաքապետի ամենավստահելի մարդը: Բայց առաջինն էր, որ ցուցադրաբար սկսեց ապամոնտաժել Լուժկովի թողած ժառանգությունը: Պետրոս առաջինի արձանը ապամոնտաժելու Ռեսինի առաջարկն իրականում ուրացում էր նշանակում», - ընդգծել է Նեմցովը` հավելելով. - «Ենթադրում եմ, որ նրան անձնական անվտանգություն են խոստացել: Դա բավական կարեւոր է, երբ ոչ մի օր մասնավոր սեկտորում չաշխատելով` մեկ միլիոն դոլար արժողությամբ ժամացույց ես կրում: Բայց, ամեն դեպքում, Ռեսինի պահվածքն ինձ մոտ միայն նողկանք է առաջացնում»: