Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 01:11

Միջազգային / Տարածաշրջան

Թուրքան փորձում է վերացնել ԱՄՆ-ում իր նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
x
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Տեքստի չափը - +
Պաշտոնական Անկարան խնդրում է Սպիտակ տան վարչակազմին գործուն քայլեր ձեռնարկել՝ Միացյալ Նահանգներում, մասնավորապես` Կոնգրեսում, Թուրքիայի նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը վերացնելու համար: Թուրքական լրատվամիջոցների համաձայն, հենց այդ նպատակով է փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկնել Վաշինգտոն, որտեղ վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների վարչակազմի մի շարք պաշտոնյաների, այդ թվում` փոխպետքարտուղարներ Նիկոլաս Բըրնսի ու Ֆիլիպ Գորդոնի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։

«Վերլուծաբանները փաստում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին դեմ արտահայտվելուց եւ Իսրայելի հետ հարաբերությունները սրելուց հետո Միացյալ Նահանգներում սկսել են հարցականի տակ դնել Թուրքիայի` որպես վստահելի գործընկերոջ համբավը», - փաստում է թուրքական Zaman-ը` ընդգծելով. - « Անկարայի հանդեպ առավել խիստ դիրքորոշումներով է աչքի ընկնում օրենսդիր մարմինը` Կոնգրեսը, մինչդեռ Օբամայի վարչակազմը ձգտում է խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը, հատկապես` Իրաքում եւ Աֆղանստանում»։

Ստեղծված իրավիճակը հարթելու համար պաշտոնական Անկարան արդեն երկրորդ անգամ է բարձրաստիճան պատվիրակություն ուղարկում Վաշինգտոն` առանց այդ երկրից պատասխան պատվիրակություն հյուրընկալելու, նախօրեին գրել էր թուրքական Hurriyet-ը եւ պնդել, թե Անկարան շարունակաբար փորձում է քողարկել երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները, մինչդեռ դրանք գնալով ավելի են սրվում։

Որպես ասվածի ապացույց` փորձագետները առաջին հերթին մատնանշում են Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թափուր մնացած պաշտոնը: Լրատավամիջոցների հաղորդմամբ` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի փոխարտգործնախարարը նաեւ այս հարցն է բարձրացրել: Zaman-ի փոխանցմամբ, մասնավորապես, թուրքական պատվիրակությունը Միացյալ Նահանգների վարչակազմին խնդրել է ներկայացնել Կոնգրեսին թուրք - ամերիկյան ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը եւ հորդորել վերացնել նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուի` Ռիչարդոնեի նշանակման շուրջ սենատոր Բրաունբեքի գործադրած արգելքը։

Թուրքիայի հանդեպ վստահությունը ամրապնդելու համար փոխարտգործնախարարը, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, եւս մեկ անգամ վստահեցրել է պաշտոնական Վաշինգտոնին, որ Անկարան չի փոխել իր արտաքին քաղաքականության ուղղությունը: «Դեմ արտահայտվելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին` Թուրքիան նպատակ չի ունեցել պաշտպանել կողմերից որեւէ մեկին, այլ ընդամենը փորձել է նպաստել տարաձայնությունների հաղթահարմանը», - թուրքական գործակալությանն ասել է դիվանագետներից մեկն ու հավելել. - «Ներկայումս Անկարան փորձում է բանակցային սեղանի շուրջ բերել Թեհրանին ու միջուկային ծրագրի շուրջ բանակցող գերտերություններին, ինչպես նաեւ քայլեր է ձեռնարկում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Աշթոնի եւ Իրանի` միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Սայեդ Ջալիլիի միջեւ Ստամբուլում կամ Նյու Յորքում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։

Անդրադառնալով տարաձայնություններ հարուցող մյուս խնդրին` թուրք - իսրայելական հարաբերություններին, թուրքական պատվիրակությունը ընդգծել է. - «Իրավիճակը այլ կլիներ, եթե Իսրայելը անսար պաշտոնական Անկարայի հորդորներին, ներողություն խնդրեր մարդասիրական նավի վրա կատարված զինված հարձակման համար եւ համաձայներ արյունալի միջադեպի շուրջ միջազգային հետաքննություն անցկացնելու առաջարկին»։

«Որքան շուտ իրագործվեն այս պահանջները, այնքան արագ կվերականգվեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական հարաբերությունները», - «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարարը` ընդգծելով. - «Ձգձգելով հարցի լուծումը` Իսրայելը է'լ ավելի է բարդացնում իրավիճակը»։

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն