Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:20

Հասարակություն

Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարությունը սկսվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը սկսվեց ու տուժող կողմի միջնորդությամբ հետաձգվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը:

Ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատարանի դահլիճում: 6-ը հուլիսի, 2010

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Տեղի ունեցավ Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարության առաջին նիստը

Տեքստի չափը - +
Նիստը սկսվեց լարված մթնոլորտում. երբ դատարան բերեցին ամբաստանյալներին` ոստիկանության Չարենցավանի բաժնի երեք օպերլիազորներին եւ քրեական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին, փոխադարձ մեղադրանքներով ու հայհոյանքներով ուղեկցվող վիճաբանություն սկսվեց Վահան Խալաֆյանի եւ մեղադրյալների հարազատների միջեւ:

Իսկ երբ դատական նիստը տուժող կողմի միջնորդությամբ հետաձգվեց` պաշտպանի բացակայության պատճառով, վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի:

Նախաքննության արդյունքում, հիշեցնենք, պարզվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանին ցուցմունքներ կորզելու նպատակով ծեծի է ենթարկել բաժնի քրեական բաժանմունքի պետը` Աշոտ Հարությունյանը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով` պաշտոնական լիազորությունները անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Տվյալ դեպքում, ըստ պաշտոնական վարկածի, Խալաֆյանը ինքնասպանություն է գործել:

Մթնոլորտը դատարանի դահլիճում խիստ լարված էր:
Մյուս երեք ամբաստանյալները` օպերլիազորներ Մորիս Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը, մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Վահան Խալաֆյանի հարազատները չեն ընդունում պաշտոնական վարկածը: Նրանք համոզված են, որ Վահանին ոստիկանության բաժնում տանջել են, այնուհետեւ` սպանել:

Ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես պնդեցին, թե Վահանին ոստիկանության բաժնում սպանել են, բայց պնդեցին նաեւ, թե իրենց որդին դրա հետ որեւէ կապ չունի:

«Կատարվել է սպանություն: Այդ տղային սպանել են: Աշոտը ի՞նչ կապ ունի», - ասաց Հարությունյանի հայրը: - «Թող դատարանը պարզի, թե ով է սպանել»:

Վահան Խալաֆյանի հորեղբայրը` Համիկ Խալաֆյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե Չարենցավանում բոլորն էլ գիտեն, որ քրեականի պետ Աշոտ Հարությունյանը սադիստ է:

«Նախաքննության ընթացքում առերես հարցաքննությունների ժամանակ Մորիս Հայրապետյանը Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը մատնացույց էին անում Աշոտ Հարությունյանին, որ հիմնական դերակատարը նա է: Թող տրամադրեն ակնհայտ փաստեր, որ կապացուցեն իրենց որդու անմեղությունը: Մեր ուզածը օբյեկտիվ դատաքննությունն է եւ որ մարդասպանները պատժվեն»:

Վահան Խալաֆյանի մահված կապակցությամբ, հիշեցնենք, անհանգստություն է հայտնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, իր մտահոգությունն է հնչեցրել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան:

Ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հատուկ քննչական ծառայությունը այս գործը «լավ չի քննել», գործում «անհասկանալի ու կասկածելի շատ բաներ կան»:

«Ես այդպես էլ չեմ հասկացել, թե ով հանեց դանակը, ինչ եղավ: Ինձ համար վատ քննված գործ է, չփարատված կասկածներով», - հայտարարեց փաստաբանը:

Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 15-ին:

Ներբեռնել

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Suzi , : Gjumri
08.07.2010 16:52
+0 / -0
Menk chpetq e handurjenk nman wostikan, dranq petq e shat xist patjven, wor bolorin das lini. Amot ed hamakargin ete kporzen ed srikanerin pashpanel.
Xalafjanner menk amen inchin hetevum enk ev dzez het enq...

Վարդան Գրիգորյան , : Երեւան
07.07.2010 23:43
+0 / -0
Բայց իսկականից շատ ապրեք: Միայն ձեր լրագրողների աշխատանքի միջոցով է այս երկրում հնարավոր ստանալ նման բարձրակարգ, անաչառ լրատվություն: Շնորհակալություն որ մարդկանց մենակ չեք թողնում "ազատ եւ պատասխանատու" լրատվամիջոցների հետ:

Խնդրում եմ անպայման տեղադրել իմ մեկնաբանությունը, նման բաները եւս պետք է տեղ գտնեն ձեր էջում:

Khalafyan Karen , : Yerevan
07.07.2010 00:27
+0 / -0
Vahan Khalafyani spanutyan mexavorner@ orenqi voghj khstutyuamb pataskhan ktan.