Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 17:48

Միջազգային

Փարաջայի կրումը արգելելու մասին Բելգիայում ընդունված օրինագիծը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում վերջերս ընդունված օրինագիծը` հասարակական վայրերում մահմեդական փարաջաների եւ դեմքը ծածկող այլ հագուստների կրումը արգելելու մասին, լայն արձագանք է գտել Եվրոպայում, հատկապես` մահմեդական ստվար բնակչություն ունեցող երկրներում:

Մահմեդական կինը Բելգիայի խորհրդարանի շենքի դիմաց
x
Մահմեդական կինը Բելգիայի խորհրդարանի շենքի դիմաց
Տեքստի չափը - +
Ֆրանսիայի նախագահն արդեն հանձնարարել է կառավարությանը նմանօրինակ օրինագիծ նախապատրաստել: Ակնկալվում է, որ փաստաթղթի առաջին քննարկումը նախարարների կոմիտեում տեղի կունենա մայիսի 19-ին, ապա հուլիսին այն կներկայացվի օրենսդիրների հավանությանը:

Նախօրեին էլ նման արգելանքը պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, գերմանացի պատգամավոր Սիլվանա Կոշ-Մերինը: «Փարաջան շրջիկ բանտ է, որը ոտնահարում է կանանց իրավունքները», - թերթերից մեկում գրել է կանցլերի դաշնակից` Ազատ դեմոկրատների ներկայացուցիչն ու ընդգծել. - «Կուզենայի, որ ոչ միայն Բեռլինը, այլեւ ողջ Եվրամիությունը արգելեր դրանց կրումը հասարակական վայրերում»:

«Դեմքն ու մարմինը քողարկող այդ հագուստները ակնհայտորեն վկայում են Եվրոպային խորթ սկզբունքների եւ արժեքների մասին», - պնդել է Եվրահանձնաժողովի փոխնախագահն ու մանրամասնել. - «Անշուշտ, յուրաքանչյուր ոք անձնական կյանքի ու դավանանքի ընտրության իրավունք ունի, սակայն այդ ազատությունը չպետք է խլի մարդու դեմքը, համենայն դեպս` Եվրոպայում»:

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում փարաջաների վերաբերյալ օրինագիծը ընդունվել է գրեթե միաձայն` 2 ձեռնպահ պատգամավորներից բացի, մնացած 134-ը կողմ են քվեարկել. փոփոխությանը հավանություն են տվել թե' իշխանության, թե' ընդդիմության ներկայացուցիչները` պնդելով, թե մահմեդական այդ հագուստները ոչ միայն ճնշում են կնոջը, այլեւ խոչընդոտում են իրավապահ մարմինների աշխատանքը եւ թույլ չեն տալիս որոշել մարդու ինքնությունը:

Ակնկալվում է, որ մի քանի խմբագրական փոփոխություններից հետո օրինագիծը հավանության կարժանանա նաեւ խորհրդարանի վերին պալատում` Սենատում, ինչից հետո Բելգիան կդառնա օրենքով նման արգելանքը ամրագրած առաջին երկիրը Եվրոպայում:

Մի շարք վերլուծաբանների համոզմամբ` այս միտումը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ եւ տարածվել նաեւ հարեւան երկրներում, ինչը լուրջ քննադատության է արժանանում իրավապաշտպանների կողմից:

«Դա վտանգավոր նախադեպ է», - հայտարարում է Amnesty International կազմակերպությունը:

«Այդ արգելանքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային», - պնդում է հեղինակավոր Human Rights Watch-ը:

Արեւմտյան մի շարք վերլուծաբաններ, մինչդեռ, հակադարձում են` գրելով. - «Ի վերջո, եվրոպացին, ով բնակություն է հաստատում շարիաթի օրենքներով առաջնորդվող երկրում, պարտավոր է հետեւել դրանց, հակառակ դեպքում` կարող է այնպիսի պատիժների ենթարկվել, որոնց մասին Հին աշխարհում վաղուց են մոռացել»:

Այլ հրապարակումներ

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Աուդիո Թուրքիայում ապրող հայ ներգաղթյալների մոտ խուճապ կա

«Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» օրենքում կատարված փոփոխությունն արդեն երեք օր է ուժի մեջ է: