Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 19:02

Քաղաքական

Հայաստանի ընդդիմադիր ուժերը մեկնաբանում են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հայտարարությունը

Տեքստի չափը - +
Հայաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարբեր կերպ մեկնաբանեցին Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի վերջին հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի վերաբերյալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` «Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված բանաձեւից հետո թուրք - ամերիկյան հարաբերությունների շիկացման երկրորդ ալիքն է սա»:

Ստյոպա Սաֆարյան
«Առաջին ալիքը հաջորդեց անմիջապես բանաձեւի ընդունմանը, բայց որից հետո Վաշինգտոնից պետքարտուղարի մակարդակով ուղերձ հղվեց Անկարային, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ, ըստ էության, հանգամանքները փոխվել են, եւ բանաձեւի ճանաչումը լիագումար նիստում կխանգարի հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ հարաբերությունների նորմալացմանը: Դրան ի պատասխան, թուրքական կողմը` կրկին էյֆորիայի մեջ, շարունակեց ներողություն պահանջել Վաշինգտոնից: Ես կարծում եմ, այս ներողության պահանջը, ըստ էության, զայրացրեց Սպիտակ տանը եւ Պետքարտուղարությանը, որին ի պատասխան` Ֆիլիպ Գորդոնը հայտարարեց, որ որեւէ կերպ իրենք չեն փորձի ազդել Կոնգրեսում հարցի քննարկման վրա, Կոնգրեսը ազատ է իր որոշումների մեջ», - ասաց Սաֆարյանը` ամփոփելով. - «Հետեւաբար, ես կարծում եմ, հերթական անգամ Թուրքիային հասկացվում է, որ եթե ինքը չվավերացնի հայ - թուրքական արձանագրությունները, չվերանայի իր մոտեցումները ամերիկյան քաղաքականության մի շարք խնդիրների նկատմամբ, այդ թվում, ինչպես Գորդոնն է հայտարարել, Իրանի միջուկային ծրագրերի կանխման գործում, հետեւաբար, Թուրքիան կունենա խնդիրներ»:

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի
Կիրո Մանոյան
կարծիքով էլ, Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը «պարզապես ճիգ է Միացյալ Նահանգների կողմից` խոսել Էրդողանի հասկացած լեզվով»:

«Կարծում եմ, հիմա մինչեւ ապրիլի 14-ը, կամ 11-12-ը, երբ որ այդ ուժանյութի գագաթնաժողովն է տեղի ունենալու [Վաշինգտոնում], եւ որի մասին էրդողանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու` կառավարությունը որոշել է, որ մեկ ուրիշը մասնակցի, դա իր կողմից, կարծում եմ, իր գնալը թանկացնելու ճիգ էր, հիմա, փաստորեն, «բազար» [առեւտուր] է գնում Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, Գորդոնի ասածն էլ այդ «բազարի» մեկ հանգրվանն է», - ասաց Կիրո Մանոյանը:


Վլադիմիր Կարապետյան
Ընդդիմադիր գործիչ, Հայաստանի արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իր հերթին, նշեց. - «Նախ` Գորդոնը շեշտադրում է Ամերիկայի Պետդեպարտամենտի բացասական վերաբերմունքը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված թիվ 252 բանաձեւի նկատմամբ: Երկրորդը` նա ընդգծում է, որ այդ բանաձեւի ընդունումը արդեն վատթարացրել է հարաբերությունները Թուրքիայի եւ Ամերիկայի միջեւ: Եվ մեզ համար շատ կարեւոր` նա երկրորդ անգամ շեշտադրում է, որ կնճռոտ` ցեղասպանության հարցերը լավ կլինի, որ կարգավորվեն հայ - թուրքական բանակցություններում: Հիշեցնեմ, որ Քլինթոնը խոսել էր պատմաբանների հանձնաժողովի մասին»:

Ֆիլիպ Գորդոնը չորեքշաբթի օրը հայտարարել էր, մասնավորապես, թե Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: «Կոնգրեսը անկախ մարմին է, եւ նրանք կանեն այն, ինչ կորոշեն անել», - ասել է Գորդոնը` ելույթ ունենալով «Բրուքինգ» հաստատությունում: Միաժամանակ, նա վերահաստատել էր ԱՄՆ-ի վարչակազմի բացասական դիրքորոշումը օրինագծի առնչությամբ:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: