«Իմեդի»-ի «լուրերի հատուկ թողարկումը» սադրա՞նք էր, թե՞ անհաջող կատակ
Շաբաթ օրը վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ցուցադրված իմիտացիոն սյուժեն սադրա՞նք էր, աղաղակող անպատասխանատվությո՞ւն, թե՞ անհաջող կատակ. Վրաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ թեժ բանավեճ է է ընթանում այս հարցի շուրջ:
«Իմեդի»-ի «լուրերի հատուկ թողարկումը, 13-ը մարտի, 2010թ.x
«Իմեդի»-ի «լուրերի հատուկ թողարկումը, 13-ը մարտի, 2010թ.
Շաբաթ երեկոյան «Իմեդի»-ն ընդհատել էր իր հաղորդումնեըը` լուրերի հատուկ թողարկում եթեր հեռարձակելով: «Իմեդի»-ի լրագրողները հաղորդում էին, թե ռուսական զորքերը հարձակվում են, ընդդիմության առաջնորդներ Զուրաբ Նողաիդելին եւ Նինո Բուրջանաձեն փախել են Հարավային Օսիա` ձեւավորելով ռուսամետ կառավարություն: «Ռուսական տանկային գումարտակը Հայաստանից շարժվում է դեպի մայրաքաղաք», - տեղեկացնում էր «Իմեդի»-ն: Ավելի ուշ հեռուստաընկերության լրագրողները հաղորդեցին, թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին զոհվել է, իսկ Թբիլիսիի արվարձաններում փողոցային մարտեր են ընթանում:
Այն մասին, որ այս ամենը զուտ իմիտացիա է, «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցները տեղեկացրեցին հաղորդման մեկնարկից մոտ կես ժամ անց, երբ Թբիլիսիում արդեն իսկական խուճապ էր:
Վրացական աղբյուրների փոխանցմամբ` բազմաթիվ մարդիկ գրոհում էին խանութներն ու բենզալցակայանները, շտապօգնության ծառայությունն էլ անցել էր հերթապահության ուժեցված ռեժիմի` զանգերի կտրուկ աճի պատճառով:
Ուշ երեկոյան «Իմեդի» եկավ Վրաստանի նախագահ մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն եւ հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց. - «Նախագահն ինձ այստեղ է ուղարկել` ասելու, որ երբ նման հաղորդումներ են պատրաստվում, միայն բանավոր զգուշացումները բավարար չեն: Հաշվի առնելով այն բոլոր սպառնալիքները, որոնց դիմակայում է մեր երկիրը, անհրաժեշտ էր վազող տողով հեռուստադիտողներին անընդհատ տեղեկացնել, որ կատարվածը իմիտացիոն բնույթ ունի»:
Նախագահի խոսնակի հայտարարությանը զուգահեռ` «Իմեդի»-ի կենտրոնակայանի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ վրդովված քաղաքացիներ: Նրանցից մեկը` Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Դավիթը, լրագրողների հետ զրույցում ասում էր. - «Երբ իրավիճակը առանց այդ էլ լարված է, նման թեմաներով կատակելը պարզապես հանցագործություն է: Այդ մարդիկ պետք է պատասխան տան դատարանի առջեւ»:
Խիստ վրդովված էին նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Իմիտացիայի հերոսներից մեկը` ռուսական ներխուժումը իբր ողջունած Նինո Բուրջանաձեն հայտարարեց. - «Ես չեմ կարող պատկերացնել մի որեւէ նորմալ պետություն, որտեղ քեզ կարող են դավաճան կամ օտար պետության գործակալ անվանել»:
Ավելին, Բուրջանաձեն համոզված է, որ այս հաղորդումը պատրաստվել էր Միխեիլ Սահակաշվիլիի անմիջական գիտությամբ: «Իշխանավորները ցանկանում են պահել իրենց աթոռները` շարքային քաղաքացիներին խուճապային վիճակում պահելու գնով», - պնդում է ըննդիմադիր գործիչը: