Rambler's Top100

Հայաստան

Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

11.03.2010

Շվեդիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդամենը 1 ձայնի առավելությամբ քվեարկեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին։

Շուրջ 6 ժամ շարունակված քննարկումների արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝130–ը։ Քվեարկության ելքը պարզ չէր մինչեւ վերջին րոպեն, առավել եւս, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեմ էր արտահայտվել բանաձեւին։

Այս որոշմամբ, Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչում է որպես ցեղասպանություն: Խորհրդարանի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, բանաձեւում հիշատակված են ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները:

«Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում կհանդիսանա ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը», - ասված է Ռիկսդագի որոշման մեջ։

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգություն է հայտնել երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։

«Ես շատ մտահոգված եմ: Ես զգուշացրել էի հետեւանքների մասին», - ասել է Բիլդտը՝ տեղեկացնելով որ Թուրքիայից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասված է, որ թուրքական ընդդիմությունը հիմա ցանկանում է կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը ռիսկեր է ստեղծում, որոնք ավելի կդժվարացնեն հարաբերությունների կարգավորումը», - ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ, քվեարկությունից հետո Անկարան հետ է կանչել Ստոկհոլմում իր դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել մարտի 17–ին նախատեսված իր այցը Շվեդիա։

Խորհրդարանի որոշման հրապարակումից հետո Թուրքիայի դեսպանը՝ Զերգյուն Քուրութուրքը, ասել է, թե ինքը շատ հիասթափված է. - «Դժբախտաբար, խորհրդարանականների գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ավելի շուտ պատմաբաններ են, քան խորհրդարանականներ, եւ դա շատ, շատ ցավալի է ու որոշակի ազդեցություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների վրա եւ ես չեմ կարծում, թե դա կուղղվի կարճ ժամանակում»:

Շվեդիայի խորհրդարանի պահպանողական պատգամավոր Գուստավ Բլիխը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է, որ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ որոշում պետք է պառլամենտն ընդունի։

«Սա պատմաբաններին վերաբերող հարց է, եւ ոչ թե քաղաքական գործիչներին», - ասել է Բլիքսը:

Պատգամավոր Լինդը հակադարձել է. - «Եթե [ցեղասպանության] զոհերը չճանաչվեն ու նրանց տառապանքները չհաստատվեն, այս ցավը կարող է շարունակվել սերունդներ»։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։

Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք խստորեն դատապարտում ենք այս բանաձեւը: Մեր կառավարությունը եւ մեր ժողովուրդը խստորեն մերժում է բանաձեւը, որը մեծ սխալներով է եւ հիմքից զուրկ»:

«Մենք հետ ենք կանչում մեր դեսպանին խորհրդատվությունների համար», - ասել է Թուրքիայի վարչապետը: Որպես բողոքի նշան Թուրքիան նաեւ չեղյալ է հայտարարել երկու երկրների միջեւ առաջիկայում կայանալիք գագաթաժողովը:

Թուրքիայի կառավարության աղբյուրը, որի անունը չի նշվում, «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե դեսպանը, հավանաբար, շուտով կվերադառնա Ստոկհոլմ։

«Մենք գիտենք, որ Շվեդիայի կառավարությունը շատ ակտիվորեն փորձել է կանգնեցնել այս բանաձեւի ընդունումը», - ասել է նա:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Շվեդիան Եվրամիության առաջատար երկրներից է, որը մշտապես աջակցել է Եվրամիությանը միանալու Անկարայի ջանքերին։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
     
Մեկնաբանություններ
Robert , : Yerevan, Armenia
12.03.2010 22:11
Աննա ջան երանի են օրվան վոր ամբոխչ երկրագնդի Թուրք դեսպաններին հետ ուղղարկեն վոր թուրքիան հասկանա վոր իրենց դեսպանները եթտան ել էական չեն ոնց որ թուրքիան

Aram Muratxanyan , : Stockholm
12.03.2010 20:57
A few days ago a Turkish colleague approached me to ask how come you claim that 1 500 000 Armenians were killed when Turkey in all had 8000000 population. To this I answered with another question: How many you think the number should be? He said nothing. A third person from former Yugoslavia, who was also present in the discussion, said even if it is 1000 person it is genocide per formula. Officially Turkey accepts that 300000 Armenians were killed of different reasons. But in todays' papers they raised it to 400000. So do not be surprised in a year or two if they say it is under 500000.

Աննա , : Երևան
12.03.2010 11:37
Երանի Թուրքիան հետ կանչի իր բոլոր դեսպաններին :)
     
Տեքստի չափը - +

Օրվա տեսաշար

Օրվա տեսաշար, 1 սեպտեմբերի, 2010  Վիդեո

ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ` Սկսվեց նոր ուսումնական տարին; Եվրոպական չափանիշից հեռու մի գյուղական դպրոց; ԼՂ–ում ավելացել է աշակերտների թիվը; Վախենում են «ասել ճշմարտությունը»; «Մարտի 1»-ի զոհերի հարազատները դիմեցին ԵԽԽՎ; Արդարադատություն են պահանջում; Երեւանում ֆուտբոլի ակադեմիա

Վերջին հոդվածները

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS