Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 18:01

Միջազգային / Տարածաշրջան

TRT-ն փոխհատուցում կվճարի Հրանտ Դինքի ընտանիքին

Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը` TRT-ն, դրամական փոխհատուցում կվճարի Հրանտ Դինքի ընտանիքին` «Ակոս»-ի նախկին խմբագրապետի մասին կեղծիք պարունակող տեղեկություններ տարածելու համար:

Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրատանը, հոկտեմբերի, 2005թ.
x
Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրատանը, հոկտեմբերի, 2005թ.
Տեքստի չափը - +
2008 թվականի դեկտեմբերին թուրքական հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվել է «Շահերի լաբիրինթոս» կոչվող հաղորդաշարի հերթական թողարկումը: Այն նվիրված էր 1978 թվականի Մարաշի իրադարձություններին, երբ ալեւիների եւ սուննի մահմեդականների միջեւ տեղի ունեցած կատաղի բախումներին զոհ գնաց ավելի քան 100 մարդ: Հաղորդման հյուրերից մեկը` Մարաշից ընտրված ազգայնական պատգամավոր, պրոֆեսոր Օքեշ Շանդիլերը եթերում հայտարարել է, թե արյունալի բախումները հրահրվել էին ձախակողմյան երիտասարդ գործիչների, այդ թվում Հրանտ Դինքի կողմից:

Սկանդալային հաղորդման եթեր հեռարձակումից հետո Դինքի ընտանիքը հայցով դիմել էր դատարան` փոխհատուցման պահանջով: «Ակոս»-ի պատասխանատու խմբագիր Արիս Նալջիի փոխանցմամբ` երկու օր առաջ դատարանը բավարարել է Դինքի ընտանիքի հայցը:

«Դատարանը որոշեց, որ Շանդիլերը, TRT-ն եւ այն ընկերությունը, որը անմիջականորեն պատրաստել էր հաղորդաշարը, պետք է 20 հազար թուրքական լիրա (շուրջ 13 հազար դոլար) վճարեն Դինքի ընտանիքին», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Նալջին:

Արդեն հայտնի է, որ այս գումարը «Ակոս»-ի սպանված խմբագրապետի ընտանիքը փոխանցելու է «Հրանտ Դինք» միջազգային հիմանդրամին:

Նալջիի խոսքով, սակայն, նման հաղորդաշարի հեռարձակումը լիովին բխում է թուրքական առաջին ալիքի որդեգրած սկզբունքներից:

«Շատ վատ է, որ հենց ազգային հեռուստատեսությունն է նման հաղորդում հեռարձակում: Սակայն պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության մասին էլ այդ հեռուստաալիքը նույնանման վավերագրական ֆիլմեր, նույնիսկ սերիալներ է հեռարձակում, որոնք արտացոլում են պետական մոտեցումները: Այնպես որ, [Դինքի մասին] հաղորդումը պետական հեռուստատեսության սովորական պահվածքի եւս մի դրսեւորում էր», - համոզված է «Ակոս»-ի պատասխանատու խմբագիրը:

Դինքի ընտանիքի շահերը դատարանում ներկայացնող Ֆեթհիյե Չեթինն էլ «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Անընդունելի է, երբ եղբայրասպան ջարդերի մեղքը փորձում են բարդել մի մարդու վրա, որն իր ողջ կյանքը նվիրել է ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատմանը»:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։