Հինգշաբթի, Փետրվար 09, 2012 Ժամանակը Երեւանում 03:27

Քաղաքական

Օմբուդսմենը խնդրում է Սասուն Միքայելյանին հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում

Մարդու իրավունքների պաշտպանը անհանգստացած է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի առողջական վիճակով: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում:

Սասուն Միքայելյան
x
Սասուն Միքայելյան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Օմբուդսմենը խնդրում է Սասուն Միքայելյանին հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ իր գրասենյակի աշխատակիցները երեքշաբթի օրը այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Միքայելյանին եւ հանդիպել նրան բուժող բժիշկներին: Միքայելյանը տեղեկացրել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, սրտանոթային հետազոտության կարիք կա, եւ խնդրել է հնարավորության դեպքում հետազոտությունը կատարել «Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում:

«Նորմալ է վիճակը, վերահսկողության տակ են պահում, բավականին ամեն ինչը ուշադրության կենտրոնում են պահում: Պարզապես ինքը սրտից էր բողոքում եւ խնդրեց, եթե հնարավոր է, սրտի հետազոտություն իրականացնել, որը տվյալ դեպքում այդ հիվանդանոցում, որտեղ ինքը գտնվում է, դրա հնարավորությունը չունեն: Դրա համար մենք դիմել ենք արդարադատության նախարարին` քննարկեն այդ հարցը, որպեսզի կարողանան նրա սիրտն էլ հետազոտել», - ասաց Արմեն Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ` Միքայելյանը բողոքել է նաեւ Ղարաբաղյան պատերազմի տարիներից ոտքում մնացած բեկորների առաջացրած ուժգին ցավերից եւ խնդրել է վիրահատել ոտքը: Օմբուդսմենը ասաց, որ ի տարբերություն սրտանոթային հետազոտության` այս վիրահատության հնարավորությունը Դատապարտյալների հիվանդանոցն ունի, ուստի Գեւորգ Դանիելյանին միջնորդել են, «որ դա էլ քննարկեն, տեսնեն` ինչ կարող են անել»:

Արմեն Հարությունյանի նամակի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. - «Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում` առանց դիմելու էլ: Այսինքն` ամեն ինչ արվի, որ ինքը օրենսդրության պահանջներին համապատասխան զննության ենթարկվի եւ բուժումն ապահովվի, ինչպես եղել է առայսօր»:

Իսկ հարցին, թե ե՞րբ են նախատեսում Միքայելյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, նախարարը արձագանքեց. - «Երբ կլինի [համապատասխան] եզրակացություն»:

Սասուն Միքայելյանի հետազոտությունը քաղաքացիական հիվանդանոցում կազմակերպելու անհրաժեշտությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը` ասելով. - «Վերջին օրերի ընթացքում շատ սրված է վիճակը, մասնավորապես գիշերները անտանելի ցավեր են լինում: Տեղյակ ենք, որ շտապօգնություն է եկել հիվանդանոց, բժիշկն է անընդհատ Սասուն Միքայելյանի մոտ, բայց Դատապարտյալների հիվանդանոցը չունի այն համապատասխան տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա պատշաճ բուժօգնություն ցույց տալ»:

«Այստեղ ցանկության խնդիրը չէ` այստեղ հնարավորությունների խնդիրն է», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Սասուն Միքայելյանի ընկերը` նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Սասուն Միքայելյանին ոչ միայն պետք է տեղափոխել, այլ պետք է ազատ արձակել»:

Միքայելյանի առողջական վիճակի մասին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի` երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Հունվարի 21-ին եւ 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանը գանգատվել է սրտի եւ ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս դատապարտյալը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009 թվականի դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին»:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը անցած տարվա դեկտեմբերին շնչառական համակարգի վիրահատության է ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի վերջին քաղաքացիական հիվանդանոցից կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Այլ հրապարակումներ

Աուդիո ՀՀԿ-ի ցուցակում «հայտնի բիզնեսմեններ չեն լինելու»

Վարչապետն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու:

Աուդիո Եգանյանը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

Մարդահամարի նախնական տվյալներով, երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով:

Աուդիո Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են

Նախարարը կրկին վստահեցրեց, որ իրավապահները լուրջ աշխատանք են տանում բանակում մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ: