Մատչելիության հղումներ

Փոփոխություններ «Ժառանգություն» կուսակցությունում


«Ժառանգության» վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյան եւ կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյան
«Ժառանգության» վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյան եւ կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյան

Չորեքշաբթի օրը մի շարք փոփոխություններ են կատարվել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարությունում, շարքերում եւ խորհրդարանական խմբակցությունում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նախ, Խուրշուդյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը հրաժարական է տվել խմբակցության ղեկավարի պաշտոնից եւ այդ պաշտոնում առաջադրել է Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը: Սաֆարյանը ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ, ըստ «ժառանգության» կանոնադրության, մեխանիկորեն դարձել է կուսակցության վարչության 10-րդ անդամը:

Նույն օրը ավելի ուշ` վարչության նիստին, կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը իր վստահության քվեի հարց է բարձրացրել եւ, Խուրշուդյանի փոխանցմամբ, վստահության մանդատ է ստացել միաձայն:

«Ժառանգության» վարչության նիստի ավարտին Անահիտ Բախշյանի առաջարկով կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը, փոխնախագահ` Ռաֆիկ Հակոբյանը: Բոլոր որոշումները կայացվել են միաձայն:

Այս փոփոխությունների պատճառին վերաբերող հարցին Խուրշուդյանը պատասխանեց. - «Պատճառները մի քանիսն են, կուտակվել էին բավականին խնդիրներ, արդեն երկար ժամանակ է, որ այդ խնդիրների լուծումը չէր տրվում: Խնդիրը հետեւյալն է` որ մի շարք մարդիկ կուսակցությունում զբաղված էին հակակուսակցական գործունեությամբ, այսինքն` կուսակցության դեմ գործունեությամբ եւ տարրական խառնակիչ գործունեությամբ»:

Կոնկրետ անուններ նշելու խնդրանքին ի պատասխան` «Ժառանգության» խոսնակը ասաց. - «Այդ անունները կնշվեն, երբ ես թվարկեմ, թե ովքեր են հեռացվել կուսակցության շարքերից: Կուսակցության շարքերից հեռացվել են Մովսես Արիստակեսյանը, Վարդան Խաչատրյանը, Զոյա Թադեւոսյանը եւ կուսակցության եւս երեք շարքային անդամներ, որոնք մեղսակից են եղել նաեւ վերջին համագումարի ընթացքում վարչության ընտրությունների կեղծման փորձին, որը կանխվել է, եւ իրենք բավականին մեղմ պատիժ էին ստացել: Սակայն փորձը ցույց տվեց, որ մենք շատ մեղմ ենք վարվել անցյալ անգամ, երբ բավարարվել ենք նկատողություններով եւ ավելի սահմանափակ այլ պատիժներով, այս անգամ երեքն էլ հեռացվեցին կուսակցության շարքերից, նաեւ այդ շարքային անդամները»:

Հովսեփ Խուրշուդյանը համոզմունք հայտնեց, որ այդ փոփոխություններից կուսակցության գործունեությունը կշահի, «որովհետեւ սա ինքնամաքրման գործընթաց է, ցանկացած կուսակցություն անցնում է այս փուլով»:

«Կուսակցության կուրսը բացարձակապես չի փոխվելու, այն շարունակելու է մնալ նույնը: Եվ նաեւ մի այլ որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստի ժամանակ` լիազորել նորընտիր կուսակցության վարչության նախագահին` ընտրել կամ նշանակել բանակցողներ, կոնկրետ արդեն Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության հետ` հայտնի խորհրդակցությունները սկսելու առաջարկի շրջանակներում, որը արել էր Րաֆֆի Հովհաննիսյանը», - ասաց «Ժառանգության» խոսնակը:

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթասկզբին հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից:

Նախորդ օրերին «Ժառանգության» ներկայացուցիչների հերքում էին կուսակցության շարքերում առկա տարաձայնությունների մասին լուրերը:

«Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել կուսակցության շարքերից հեռացնել վարչության այլեւս նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին, կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին եւ ինձ, որովհետեւ նպատակ կա ազատվել կուսակցության ազնիվ ու պայքարող մարդկանցից, ընդունել որոշումներ, որոնք բխում են իշխանությունների շահերից, եւ, ի վերջո, սպասարկել այս իշխանություններին», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը` շարունակելով. - «Դուք առաջիկայում շատ ուշագրավ զարգացումների ականատեսը կլինեք: Կարծում եմ, ով ավելի շատ կվճարի «Ժառանգության» համար, նրան էլ «Ժառանգություն»-ը կծառայի»:

«Այսօր կուսակցությունը կդրվի աճուրդի, կտո բոլշե` նա էլ կդառնա կուսակցության տերը», - ասաց Թադեւոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հիմա այդ որոշումը կայացվեց, նա պատասխանեց. - «Որովհետեւ կուսակցությունը ֆինանսավորում չունի, ճգնաժամի պատճառով ֆինանսավորում չունի»:

«Կանխատեսում եք, որ շատ ավելի իշխանամե՞տ կդառնա կուսակցությունը», - այս հարցին Զոյա Թադեւոսյանը արձագանքեց. - «Ոչ թե շատ ավելի իշխանամետ, այլ` միանշանակ իշխանամետ»:

Հակադարձելով կուսակցության վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, որ իրենք մնալու են ընդդիմադիր, «Ժառանգության» նախկին անդամը ասաց. - «Արմեն Մարտիրոսյանը կասի, բայց Արմեն Մարտիրոսյանի ոչ մի գործունեություն` սկսած դատախազի ընտրություններից Ազգային ժողովում, վերջացրած այսօրվա նրա գնահատականներով քաղաքական, ընդդիմադիր լինելու հոտ անգամ չկա»:

Հարցին, թե ի՞նչ ի նկատի ունի, ասելով` «սկսած Ազգային ժողովում դատախազի ընտրություններից», Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. - «Նա «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է: Եթե մարդը կարող է լինել իշխանամետ ինչ-որ մի կազմակերպության անդամ, հետո լինել ընդդիմադիր կուսակցության պատգամավոր եւ վարչության անդամ` այստեղ կարելի է մտածել, էլի` խաղերը քանի՞ լարի վրա են գնում: Գնահատականները թողնում եմ ձեզ»:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հաստատեց, որ ինքը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է, բայց հավելեց, որ նախ, իր կարծիքով, «Նիգ-Ապարան»-ը իշխանամետ կառույց չէ, իսկ հետո` որ հայրենակցական միությանը իր անդամությունը որեւիցե ազդեցություն չի ունեցել եւ չունի «Ժառանգություն»-ում իր գործունեության վրա:

Իսկ թե ինչու կուսակցության վարչությունը կայացրեց նման որոշում` Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց հետեւյալ հիմնավորումը. - «Վարչության անդամներ կային, որոնք փորձում էին այլ քաղաքական ուժի հետ համագործակցել, այլ քաղաքական ուժի պատվեր կատարել եւ միեւնույն ժամանակ լինել «Ժառանգության» անդամ, ինչպես նաեւ փորձում էին «Ժառանգության» անդամներին հեռացնել կուսակցությունից»:

«Այլ քաղաքական ուժ» ասելով ի նկատի ունեք Հայ ազգային կոնգրե՞սը», - այս հարցին «Ժառանգության» վարչության նոր նախագահը պատասխանեց. - «Ոչ միայն»:

Միաժամանակ, նա չցանկացավ մանրամասնել` վստահեցնելով միայն, որ իր ասածը հիմնավոր է. - «Հիմնավորումների մասին տեղյակ են եղել բոլոր վարչականները, որոնք քվեարկել են, եւ նրանք այդ հիմնավորումների մասին նաեւ նախկինում են տեղյակ եղել»:

«Ժառանգություն»-ից հեռացված կուսակցության վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը ասաց, թե նախօրեին կայացած վարչության նիստի մասին իրենց տեղեկացվել է լիովին այլ օրակարգով եւ ավելացրեց, որ իրենք` վարչության երեք նախկին անդամները, մտադրվել էին դեռ օգոստոսի 27-ին հրավիրել վարչության արտահերթ նիստ` իրենց օրակարգով, որի մասին կա գրավոր դիմում վարչության այլեւս նախկին նախագահ Անահիտ Բախշյանին: Սակայն, ըստ Արիստակեսյանի, վերջինս ուղղակի զլացել է հրավիրել պահանջված նիստը։ Նրա ներկայացմամբ, վարչության նիստի ժամանակ պետք է քննարկվեր «Հովսեփ Խուրշուդյանը վարքը, Արմեն Մարտիրոսյանի՝ որպես խմբակցության ղեկավարի հաշվետվությունը խմբակցության գործունեւության մասին»:

Նշենք, որ, ըստ Զոյա Թադեւոսյանի, հենց այդ նիստի ընթացքում էլ իրենք` վարչության այլեւս նախկին երեք անդամները, պատրաստվում էին քննարկել այն հարցը, թե ինչպես անցած տարի հուլիսիս 11-ին տեղի ունեցած «Ժառանգության» համագումարի ժամանակ, երբ ընտրվում էր կուսակցության վարչությունը, կատարվել են կեղծիքներ, որոնք Թադեւոսյանի խոսքերով` ղեկավարվել են Արմեն Մարտիոսյանի կողմից, ինչի մասին Զարուհի Փոսնաջյանը կազմել է մի գրություն` հատուկ կարծիք, որն էլ Զոյա Թադեւոսյանը պատրաստվում է հրապարակել վաղը։

Արմեն Մարտիրոսյանը հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, թե եղել է կեղծելու փորձը, որը կանխել են ինքն ու Հովսեփ Խուրշուդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG