Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյան. «Այսօրվա կյանքը ավտոմատ կերպով դառնում է տրագիկոմեդիա»


Վարդան Պետրոսյանի նոր՝ «Ցմահ բանտարկյալներ» ներկայացումը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին՝ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հեղինակը իր նոր ներկայացումը բնութագրում է որպես «աբսուրդ տրագիկոմեդիա»։

«Երբ մենք նայում ենք այսօր մեր կյանքին, իրար հետ միահյուսված այնքան մոտիկից ենք տեսնում ողբերգականը եւ կատակերգականը, որ ներկայացումը, որը պատկերում է մեր այսօրվա կյանքը, ավտոմատ կերպով դառնում է տրագիկոմեդիա։ Ես հասել եմ գրոտեսկի, շատ ուժեղ չափազանցությունների։ Արդեն բանը հասնում է իսկական աբսուրդի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դերասանը։

Ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանի հետ ցմահ բանտարկյալների դերում բեմ կբարձրանան նաեւ դերասաններ Գեւորգ Մինասյանը եւ Մելիք Վարդանյանը։ Վարդան Պետրոսյանի հեղինակած պիեսի բեմադրությունն իրականացրել է Տիգրան Գասպարյանը։

Պիեսի հեղինակի խոսքով, բեմադրությունը բանտարկված հասարակությանը ներկայացնում է 3 ընդհանրացված կերպարների միջոցով. - «Մեկը հասարակության գռփող, ուժեղ մասն է։ Մենք կարող ենք ասել՝ օլիգարխ մի տեսակ։ Մյուսը՝ ժողովուրդն է, խեղճ ժողովուրդը, որը զրկված է բոլոր իրավունքներից։ Իրավունք ունի միայն քնել ամբողջ ներկայացման ընթացքում եւ միայն երազներ տեսնել Մասիսի թեմայով։ Մեր ժողովուրդը, որը չի հիշում անցյալը, պատմությունից դասեր չի քաղում։ Եւ ահա, դրանց մեջտեղում կանգնած է սայթաքած, ընկած մտավորականը, եւ նա փնտրում է լուծումներ»։

Լուծումներ փնտրող մտավորականի կերպարը Վարդան Պետրոսյանի համար ինքնակենսագրական տարրեր է պարունակում։

«Ինչպես մտավորականը, այնպես էլ մյուս 2 կերպարները բանտարկված են իրենք իրենց մեջ, իրենց գաղափարախոսության, իրենց ստեղծած կյանքի մեջ», - պնդում է պիեսի հեղինակը, - «որովհետեւ մենք այսօր վայելում ենք մեր իսկ կառուցածը, եւ մենք կարծես մի տեսակ բանտարկված լինենք մենք մեզնով»։

Մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձություններին, ձերբակալված ընդդիմադիր գործիչներին, վերջին դատական գործընթացներին ներկայացումը անդրադառնում է աբսուրդի, գրոտեսկի ձեւաչափով:

«Սա երգիծական ապտակների ներկայացում չէ, այն առավել խոհական ու բանաստեղծական է: Եվ քանի որ ես շոշափում եմ շատ դաժան թեմա, փորձել եմ գտնել նաեւ գեղարվեստական ձեւի հավասարակշռություն։ Ես խոսում եմ շատ մեծ թախիծով, բայց որպեսզի պահպանեմ հավասարակշռությունը, անընդհատ զվարճացնում եմ մարդկանց։ Սա շատ ծիծաղելի ներկայացում է»,- ասում է դերասանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG