Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման


Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը երկուշաբթի օրը 8 տարվա ազատազրկման դատապարտեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Դատավճռի հրապարակումը դահլիճում ներկա գտնվողները ընդունեցին զայրալի բացականչություններով:

«Այս երկրից ամեն ինչ սպասելի է», - դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայելյանը: - «Կեղծիքի, ամեն ձեւի ստի դատավարություն է տեղի ունեցել»:

Մինչեւ դատավճռի հրապարակումը Միքայելյանի կողմնակիցներից մեկը նրան տեղեկացրեց. - «Սասուն ջան, աչքդ լույս. քո ախպերները՝ Մյասնիկը Մալխասյան, Հակոբը Հակոբյանը, Սուրիկը Սիրունյան, բոլորը հենց այստեղ կանգնած են, քո արդարացմանն են սպասում»:

Դատավճռի հրապարակումից հետո համաներմամբ ազատ արձակված Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իշխանություններից առավել ոչ ոք այդքան լավ չգիտի, որ որեւիցե հանցանք չի կատարել Սասուն Միքայելյանը: Բոլոր դատավարությունների ժամանակ ամբողջովին ապացուցվեց, որ 225 հոդվածի առաջին մասը սին ու դատարկ է: Առավել եւս՝ զենքի մասով հոդվածը, որը հենց ինքը Սասուն Միքայելյանն է հայտնել դրա մասին: Դա Արցախյան ազատամարտի ժամանակվանից մնացած զենք է, որի համար ցանկացած իրեն հարգող իշխանություն իրեն թույլ չէր տա նման քայլի գնալ, նման մեղադրանք առաջադրել Արցախյան ազատամարտի մասնակից մարդուն»:

Համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իշխանությունները իրենց վրեժխնդրությունը շարունակում են: Կապ չունի, որ մենք ազատության մեջ ենք, բայց մեր շատ ընկերներ գտնվում են ազատազրկման վայրերում»:

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, հիշեցնենք, մեղսագրվել է զանգվածային անկարգությունների կազմակերպումն (225 հոդված) ու ապօրինի կերպով զենք-զինամթերքի պահելն ու կրելը (235հոդված):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG