Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսեց գործել ֆինանսական հաշտարարի ինստիտուտը


Հունվարի 24-ից Հայաստանում կգործի Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, որի ստեղծման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Այդ առիթով հունվարի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում նոր սեղծվող կառույցի նպատակների եւ պարտավորությունների մասին խոսեց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Ֆինանսական հաշտարարը, մասնավորապես, ներկայացրեց, թե որ ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդները կարող են պահանջներ ներկայացնել. - «Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող կազմակերպությունները, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառք իրականացնող անձինք եւ դրամական փոխանցումներ իրականցնող անձինք»:

Ֆինանսական կազմակերպությունները չեն կարող վիճարկել հաշտարարի որոշումները դատարանում, ինչը, սակայն, կարող է անել սպառողը:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, գլխավոր իրավախորհրդատու Փիրուզ Սարգսյանին Հայաստանի ֆինանսական հաշտարար է ընտրել գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը, որի մեջ ներգրավված են Կենտրոնական բանկի, կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Խոսելով ֆինանսական հաշտարարի ինստիտուտի անկախության մասին, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, վստահեցրեց, որ չնայած այն հանգամանքին, որ Հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումն իրականացնելու են ֆինանսական կազմակերպությունները, կառույցը լիովին անկախ է լինելու:

Կենտրոնական բանկի նախագահը նաեւ անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգում խոշոր ծավալների փողերի լվացման դեպքի մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 23-ի հրապարակմանը՝ այն իրականությանը չհամապատասխանող որակելով:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, խոսքը Կիպրոսից բերված 95 միլիոն դոլարի մասին է: Թերթը գրել էր, թե Կենտրոնական բանկը ֆիքսել է այդ լվացումը եւ տեղյակ պահել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս, իր հերթին, դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ըստ թերթի, դատախազությունում գործը ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ լվացմանը իր գործուն մասնակցությունն ունի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ընդհանրապես այդպիսի խոշորածավալ փողերի շարժ դեպի Հայաստանի Հանրապետություն` որեւէ հաշիվ եւ այդ հաշվից ուրիշ հաշիվների, մինչեւ այսօր արձանագրված չի Կենտրոնական բանկում», - լրագրողներին ասաց Ջավադյանը: - «Այդպիսի դեպքեր եղել են Հայաստանի Հանրապետությունում, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, եւ համապատասխան վարույթներ են անցել, եւ գործերը քննվել են դատարանում: Այդ դեպքի առնչությամբ միանշանակ ասում եմ, որ այսպիսի ինֆորմացիա չկա, սա զրպարտություն է, եւ ընդհանրապես այս ծավալի գործարք Հայաստանի Հանրապետությունով, բանկային համակարգով չի կատարվել, ասենք` օֆշորից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG