Շաբաթ, օգոստոսի 23, 2014 Ժամանակը Երեւանում 23:47

Հայերեն արխիվ

Հայաստանի նախագահը՝ Շվեդիայում

x
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա: Նախագահ Քոչարյանը հանդիպելու է Շվեդիայի թագավորի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ: Ընդունված կարգի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է նաեւ տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ըստ երեւույթին, չորեքշաբթի առավոտյան Ստոկհոլմի «Գրանդ հոթելում» հատուկ հանդիպում պետք է տեղի կունենա Շվեդիայի հայ համայնքի միությունների ներկայացուցիչների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց սկանդինավյան երկրներում Հայ դատի հանձնախմբի դիվանի, Ստոկհոլմի Հայ օգնության միության անդամ Հակոբ Խաչերյանը:

Նրա խոսքերով, ներկայումս Շվեդիայում բնակվում է շուրջ 5 հազար հայ, ովքեր գաղթել են Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Իրանից եւ Իրաքից: Վերջին 10-15 տարիներին բավական մեծ թվով հայեր են եկել Շվեդիա Հայաստանից: «Հայաստանցի հայերից շատ քչերը մնալու իրավունք ունեն: Գաղթականների կենտրոններում կա մի քանի հազար հայ, ովքեր գաղթականի կարգավիճակ ունեն», - նշեց Հակոբ Խաչերյանը:

«Հայաստանի նախագահի այցի նկատմամբ հետաքրքրությունը Շվեդիայի հայ համանքում մեծ է: Սակայն, դժբախտաբար, ժամը չի ներում, որ ընդհանուր հայ գաղութի անդամների հետ հանդիպում ունենա նախագահ Քոչարյանը: Այդ պատճառով շատ սահմանափակ մի թիմ է ներկայացնելու տարբեր միությունները», - եզրափակեց Հակոբ Խաչերյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա