Մատչելիության հղումներ

Սիլվա Կապուտիկյանը հետ է վերադարձնում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը


Երեքշաբթի օրը անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմի համապատասխան բաժին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգեւատրվել էր 1998 թվականին:

Պետական բարձր պարգեւից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռեւս անցած ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում:

Բացատրելով, թե ինչու միայն այսօր են իր ներկայացուցիչները՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմինա Թելյանը եւ իր զարմուհի Ռաֆլետա Հաջյանը, վերադարձնում պետական պարգեւը, տիկին Սիլվան «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Որովհետեւ նախագահի նստավայրից եւ աշխատակազմից հայտնում էին, թե՝ մենք չենք կարող վերցնել, քանի որ ինստրուկցիա չունենք, նախադեպ համարյա չի եղել»:

Անվանի բանաստեղծուհու զարմուհու փոխանցմամբ, նախագահի աշխատակազմի աշխատակցուհին, ում հանձնվել է շքանշանը, ասել է, թե այն նույնությամբ պահպանվելու է՝ «հետագայում հանգամանքների բերումով վերադարձնելու նպատակով»:

Իսկ Ներման, քաղաքացիության պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ շքանշանը փաստորեն չի վերադարձվել, որովհետեւ չկա վկայականը, նախագահի հրամանագիրը՝ այսինքն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ այդ շքանշանը շնորհվել է Սիլվա Կապուտիկյանին:

Անվանի բանաստեղծունին, սակայն, չընդունեց այդ փաստարկները՝ ասելով, թե «կարեւորը հայտարարությունն է»:

«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակը այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը... Մաշտոց, որը իմ գիտական, գրական կյանքի ուղեկիցն է եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ավելացրեց տիկին Սիլվան:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցած ապրիլին անդրադառնալով պետական պարգեւից հրաժարվելու մասին Սիլվա Կապուտիկյանի որոշմանը, ասել էր. - «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»: Նախագահը ասել էր նաեւ, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը «ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Հայաստանի Հանրապետության շքնանշանն է»:

«Շքանշանով չէ, որ ես ինձ պիտի կապված զգամ Մեսրոպ Մաշտոցի հետ», - ասաց Սիլվա Կապուտիկյանը: - «Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի սրբություն է, որին ես այս իմ քայլով մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա ժողովուրդը այսօր ենթարկվում է հալածանքի ոչ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով, այլեւ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի հարգվում Մեսրոպ Մաշտոցի լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»:

Իսկ այս քայլը մեծ բանաստեղծուհու բնորոշմամբ «Խաչատուր Աբովյանի համեստ, խոնարհ շառավիղի ճիչն է, որը ասում է՝ այդ ո՞ւմ վրա եք սուր հանում, հայ մեծ ազգին չե՞ք ճանաչում»:

«Դա իմ հոգու ճարահատ ճիչն եմ համարում ընդդեմ այդ անարդարությունների», - ասաց տիկին Սիլվան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG