Մատչելիության հղումներ

Գերմանիայի փոխվարչապետը հույս է հայտնում, որ Հայաստանը կշարունակի քաղաքական բարեփոխումները


Մեկօրյա այցով Երեւան ժամանած Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն ամրապնդել ժողովրդավորությունը: Նա նաեւ մտահոգություն է արտահայտել գործել շարունակող Մեծամորի ատոմակայանի առնչությամբ:

Գերմանիայից նման մակարդակի պաշտոնյա առաջին անգամ է այցելում Հայաստան: Յոշկա Ֆիշերի այցը տարածաշրջանային է. նա Երեւան էր եկել Բաքվից եւ այսօր երեկոյան արդեն մեկնեց Թբիլիսի:

Գերմանիայի փոխվարչապետին ու նրա գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայստանի նախագահ Քոչարյանը: Ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, քննարկվել են «հայ-գերմանական երկկողմ փոխհարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ»:

Պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նախագահ Քոչարյանի հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ճամանակ պարզ դարձավ, որ Գերմանիայի փոխվարչապետն ու արտգործնախախարը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:

«Ես նախագահին ասացի, որ հույս ունենք, որ ներքին քաղաքական պրոբլեմները, որ կան Հայաստանում, կլուծվեն խաղաղ եղանակով», - ասաց Յոշկա Ֆիշերը:

Նա «շատ լավ» որակեց հայ-գերմանական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքերով, Եվրամիությունը աստիճանաբար մոտենում է այս տարածաշրջանին եւ իրենց համար շատ կարեւոր է, որ այստեղ լինի կայուն զարգացում, կայուն տնտեսական աճ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այստեղ ավելի կամրապնդվի ժողովրդավարությունը, ավելի կուժեղանա մամուլի եւ խոսքի ազատությունը:

Յոշկա Ֆիշերը նաեւ շեշտեց, որ արտասահմանյան ներդրումները կախված են երկրի իրավիճակից:

«Իհարկե նաեւ տնտեսական զարգացումը, մասնավորապես արտասահմանից եկող ներդրումները մեծ չափով կախված են նրանից, թե ինչպիսին է ընդհանուր իրավիճակը է երկրում», - ասաց նա:

Նախագահ Քոչարյանի հետ քննարկված հարցերից է եղել նաեւ Մեծամորի ատոմակայանի փակման խնդիրը:

«Մեզ շատ անհանգստացնում է հանգամանքը, որ մինչեւ հիմա անջատված չէ Մեծամորի երկրորդ բլոկը: Մենք հույս ունենք, որ այստեղ եւս հնարավոր կլինի հասնել որոշակի լուծման», - ասաց Յոշկա Ֆիշերը:

Եվրամիությունը բազմիցս բարձրաձայնել է Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտությունը, սակայն Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, բազմիցս հայտարարել են, որ ատոմակայանը հնարավոր կլինի փակել միայն համարժեք էներգետիկ հզորությունների ստեղծման դեպքում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, Յոշկա Ֆիշերը ասաց, որ թե' Ադրբեջանի, թե' Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձրել խնդրին: Գերմանիայի արտգործնախարարը դժգոհեց, որ երկու կողմից էլ պայմաններ են առաջ քաշվում:

«Բաքվում խոսեցին պայմանների մասին, այստեղ են խոսում պայմանների մասին», - ասաց նա: - «Ամեն տեղ խոսում են պայմանների մասին»:

«Հակամարտության կարգավորման լուծումը պետք է գտնեն կողմերը, իսկ միջազգային հանրությունը պետք է սոսկ օժանդակի նրանց», - ասաց Գերմանիայի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG