Մատչելիության հղումներ

Շահագործման հանձնվեց Աշտարակի վերակառուցված կամուրջը


Մեծ հանդիսությամբ այսօր շահագործման հանձնվեց Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթեւեկություն: «Լինսի» հիմնադրամից այս շինարարության վրա ծախսվել է 1 միլիոն 780 հազար դոլար: Կամրջի երկարությունը 365 մետր է, իսկ շինարարությունն ավարտվեց մոտ 1,5 տարվա ընթացքում:

Շինարարական առաջին աշխատանքները սկսվել էին 1988 թվականին: Նպատակը՝ Աշտարակը շրջանցող ճանապարհի կառուցումն էր, որպեսզի ավելի հարմար ճանապարհով շինարարական բեռները աղետի գոտի տեղափոխվեն: Կամրջի առաջին մասը շահագործման հանձնվեց 1994 թվականին, վեր բարձրացվեցին նաեւ 2-րդ մասի հենասյուները, բայց աշխատանքները մոտ 7 տարի սառեցվեցին:

Եվ այսպես, այսօր Ռոբերտ Քոչարյանը Աշտարակը շրջանցող, Քասախ գետի կամրջի վրա կտրեց հերթական ժապավենը, եւ ասաց, որ կարմիր ժապավեններ կտրելու առումով այս աշունը շատ թեժ է լինելու:

Տրանսպորտային հանգույցն այսօր լիարժեքորեն շահագործման հանձնվեց, կատարված աշխատանքից Ռոբերտ Քոչարյանը գոհ է՝ «Այսպիսի որակ մենք երբեք չենք ունեցել», ասաց նախագահը:

Նրա խոսքերով, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի շինարարական աշխատանքների ծավալները չնվազեն, բայց հստակ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք շարունակվելո՞ւ են «Լինսի» հիմնադրամի ծրագրերը, որոնք ավարտվում են մեկ ամսից՝ նոյեմբերի մեկին:

«Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնված այս կամուրջը փորձարկվել է մի քանի օր առաջ: 12 բեռնատար ավտոմեքենա՝ ավազով բեռնված, 240 տոննա ընդհանուր քաշով, անցել են կամրջի վրայով, որի տակ այդ ժամանակ սեղան էին գցել շինարարներն ու «Լինսի» հիմնադրամի ճանապարհային շինարարության ծրագրի տնօրեն էդուարդ Բեզոյանը:

«Լինսի» հիմնադրամը Հայաստանին հատկացրել էր 150 միլիոն դոլար, որի մոտ կեսը ճանապարհային շինանությանն ուղղվեց: Մնացածը՝ աղետի գոտու վերականգնմանը եւ մշակութային օջախների վերանորոգմանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» ծրագրերի կոորդինատոր Արտաշես Թումանյանը, ելույթ ունենալով կամրջի մոտ կազմակերպված այսօրվա հանդիսությանն, ասաց թե Քըրք Քըրքորյանի հատկացումները Հայաստանի նախագահի ու կառավարության հանդեպ վստահության վկայություն են:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG