Շաբաթ, նոյեմբերի 22, 2014 Ժամանակը Երեւանում 04:04

Հայերեն արխիվ

Կառավարությունը փորձելու է լուծել անավարտ շինությունների խնդիրը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է հանրապետության տարածքում առկա պետության սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի եւ քաղաքացիական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը:

Ինչպես նիստից հետո լրագրողներին փոխանցեց քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, հանրապետությունում հաշվառվել է մոտ 2000 անավարտ օբյեկտ, որոնցից 1811-ը անավարտ բնակելի շենքեր են: Այստեղ չեն մտնում, սակայն, անավարտ կոոպերատիվ շենքերը:

Անավարտ օբյեկտների հաշվառման կարեւորությունը Լոքյանը ընդգծեց նաեւ այլ առումով. - «Հանրապետությունում բազմաթիվ անավարտ օբյեկտներ կային, որոնց իրական տերը հայտնի չէր»: Այդպիսի կառույցները այսօրվա դրությամբ էլ պետական որեւէ կառույցում ֆիքսված չեն:

Հաստատված ծրագրով անավարտ օբյեկտների մեծ մասն առաջարկվում է սեփականաշնորհել: Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի խոսքերով, կառավարությունը աշխատելու է առաջիկա երկու տարվա ընթացքում լուծել անավարտ շինությունների խնդիրը: «Դրա համար հիմքեր կան», - ասաց նախարարը: - «Երեւանում, օրինակ, արդեն մի քանի ընկերություններ են ստեղծվել, որոնք իրենց բիզնեսն են դարձրել բնակելի անավարտ շինարարությունները ավարտին հասցնելը եւ վաճառելը: Եվ հիմա մեր նախարարություն նրանք շատ են դիմում հենց այդ առաջարկներով»:

Սեփականաշնորհման այս գործընթացում, ըստ նախարարի, կառավարությունը պայման է դնում՝ պետք է ֆիքսվեն շինությունն ավարտելու ժամկետները եւ փոփոխություններ կատարելու թույլտվությունները:

10-12 անավարտ շինությունների համար կառավարությունը որոշել է ինքը միջոցներ ճարել՝ դրամաշնորհներ, վարկեր: Դրանցից մեկը՝ Իջեւանի պատկերասրահի անավարտ շենքը կառուցվելու է 2003 պետբյուջեի միջոցներով (հատկացվելու է մոտ 100 միլիոն դրամ):


Մասնավոր հատվածում առկա անավարտ օբյեկտների վերաբերյալ, Դավիթ Լոքյանի փոխանցմամբ, կառավարության հատուկ որոշմամբ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել եւ սեփակատերերի համար ժամկետ է սահմանվել՝ երկու տարվա ընթացքում սեփականատերը պետք է ավարտի ձեռք բերած օբյեկտի շինարարությունը:

Բազմաթիվ քաղաքացիներ կոոպերատիվ բնակարանների համար խորհրդային տարիների հաշվարկով բավականին մեծ գումարներ են վճարել, բայց մինչեւ հիմա նրանց շենքերը անավարտ են: Թեեւ այս շենքերը ներառված չեն այսօր հաստատված ծրագրում, Լոքյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է 2003 թվականի ընթացքում վերադարձնել այդ մարդկանց գումարները՝ իհարկե որոշ հաշվարկներ կատարելուց հետո: Սկզբունքն այն է լինելու, որ փոխհատուցումը վճարելուց հետո այդ անավարտ շենքերը հանձնվելու են պետական գույքի կառավարման նախարարությանը:

Ըստ պետական գույքի կառավարման նախարարության անցկացրած ուսումնասիրության, վերջին 3 տարիների ընթացքում սեփականաշնորհման արդյունքում Հայաստանում ներդրվել է 7,2 միլիարդ դրամ եւ 18 միլիոն դոլար: Նախարար Դավիթ Վարդանյանի խոսքերով, դրանք միասին մոտ 30 միլիոն դոլար են կազմում, որից կատարվել է 22 միլիոնը: Նախարարը, սակայն, նշեց, որ դա ամբողջական պատկերը չէ՝ խոշոր գործարքները հաշվառված չեն: Խոսքը այն պարտականությունների կատարման մասին է, որ պայմանագրով հանձնառնում է սեփականատերը: Այսինքն՝, գնորդը նախարարության հետ կնքած պայմանագրով պարտավորվել է որոշակի ներդրումներ կատարել: Հիմա հաշվել են, թե վերջին 3 տարիների ընթացքում ինչպես են կատարվել այդ պարտավորությունները:

Դավիթ Վարդանյանը համաձայն չէ այն գնահատականներին, թե Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը դանդաղել է: Այդպիսի կարծիք կար նաեւ օրերս հրապարակված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամենամյա զեկույցում:

«Սեփականաշնորհումը չի դանդաղել», - հայտարարեց Վարդանյանը: - «Սեփականաշնորհման ալտերնատիվ ուղին է արագացել: Սեփականաշնորհումը գնում է իր թափով, իր տեմպով: Հարցն այն է, որ սնանկացումներն են շատացել, իսկ սնանկացման ժամանակ այդ գումարները չեն գնում սեփականաշնորհման գումարներին»:


Հրաչ Մելքումյան, Երեւան