Մատչելիության հղումներ

Կրակել են Հայրիկյանի վրա, նա տեղափոխվել է հիվանդանոց


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ քիչ առաջ կրակել են նախագահության թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա։

Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Տպագրիչների փողոցում։ Հայրիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է։

«Հրազենային վնասվածքը ստացել է աջ կրծքավանդակի շրջանում։ Մաշկի վնասվածք է, թոքը չի վնասվել։ Հիվանդի վիճակը միջին ծանրության է, գիտակցությունը առկա է։ Առայժմ վիրահատության անհրաժեշտություն չկա, գտնվում է մասնագետների հսկողության ներքո», - հայտարարեց Մանուկյանը։

Հարազատների փոխանցմամբ, Հայրիկյանի վրա կրակել են, երբ նա գրասենյակից վերադառնալիս է եղել տուն։ Կրակոցի ձայնի վրա Հայրիկյանի կինը եւ դուստրը դուրս են եկել եւ տեսել են նրան ընկած շենքի մուտքի մոտ, որից հետո անմիջապես շտապօգնություն են կանչել։ Դեպքից առաջ Պարույր Հայրիկյանին ուղղված որեւէ սպառնալիքի մասին հարազատները տեղեկություն չունեն, ու ասում են, որ նա թշնամիներ չունի եւ չեն կարծում, որ միջադեպը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ։

Հիվանդանոցում Պարույր Հայրիկյանին տեսության են եկել մի շարք քաղաքական գործիչներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով միջադեպը, խստորեն դատապարտեց այս հանցագործությունը, համոզմունք հայտնելով, որ սա հարված է առաջին հերթին երկրի իշխանություններին։

Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Հայրիկյանի հետ հանդիպումից հետո նա, մասնավորապես, ասաց․ - «Ես դատապարտում եմ այս հանցագործությունը։ Սա ուղղված է մեր պետության, մեր ժողովրդի դեմ։ Հանցագործությունը քաղաքական է եւ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի այն բացահայտվի»։

Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ սա նպատակ ուներ ապակայունացնել մթնոլորտը երկրում։

«Մենք թույլ չենք տալու եւ շարունակելու ենք գործընթացները։ Եթե Պարույր Հայրիկյանի առողջության հետ կապված խոչընդոտ լինի, ընտրությունները երկու շաբաթով կհետաձգվեն», - հավելեց ԱԺ խոսնակը։



Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում՝ հրազենային վիրավորում ստանալուց հետո, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․ Լուսանկարը՝ Հայրիկյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից
Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում՝ հրազենային վիրավորում ստանալուց հետո, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․ Լուսանկարը՝ Հայրիկյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից
Հիվանդանոցում ներկա ԱԻՄ ներկայացուցիչները շատ վրդովված են։ Նրանք համոզմունք են հայտնում, որ Հայրիկյանի դեմ այս մահափորձը ընտրությունների հետ է կապված, քանի որ նա շատերի համոզմամբ ուժեղ թեկնածու է։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը եւս անմիջապես ժամանել էր հիվանդանոց, լրագրողներին տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ եղել է երկու կրակոց, բայց դիպել է մեկը։ Նա հավելեց, որ բոլոր ուղղություններով մանրակրկիտ հետաքննություն է տարվում հանցագործությունը բացահայտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG