Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»


Հայ զինվորները Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի հատվածում, օգոստոս, 2012թ.
Հայ զինվորները Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի հատվածում, օգոստոս, 2012թ.

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում կա անդրադարձ Հարավային Կովկասին։


Ընդդիմության քաղաքական ակտիվության տարի


Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի` համաշխարհային զարգացումներին վերաբերող զեկույցի Հարավային Կովկասի բաժնում նշվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2012 թվականը քաղաքական ընդդիմության ակտիվացման շրջան է։

Այդ ակտիվացումը նկատելի է ամբողջ աշխարհում եւ ինչ-որ չափով կարող է համարվել 2011 թվականին արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխության արձագանք։

Հայաստանի եւ Վրաստանի ընդդիմության շարքերում միավորման նշաններ են ի հայտ եկել, մինչդեռ Ադրբեջանում է՛լ ավելի ընդգծված է տեղաշարժը դեպի ավտորիտար համակարգ։

Վրաստանը պատրաստվում է այս հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական, իսկ Հայաստանը` հաջորդ տարվա փետրվարի նախագահական ընտրություններին։

Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում ընդդիմադիրները խոցելի վիճակում են։

Եվրամիությունն ակտիվ է տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմանը նպաստելու հարցում, սակայն Բրյուսելում եւ եվրոպական մայրաքաղաքներում ներկայումս ավելի շատ զբաղված են եվրոյի ճգնաժամի կարգավորմամբ։

Վերլուծաբանները կարեւորում են դեսպան Ֆիլիպ Լեֆորին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ նշանակելու հանգամանքը։

Եվրամիությունը մտադիր է շարունակել Վրաստանի եւ Հայաստանի հետ ազատ առեւտրի պայմանագրերի շուրջ բանացությունները, իսկ Ադրբեջանի հետ ասոցիացման պայմանագրի քննարկման հարցում առաջընթաց չկա։

Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում


Իսկ առավել վտանգավորը, ըստ զեկույցի, այն է, որ որեւէ առաջընթաց չկա Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում։

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կար հույս, որ անցյալ տարվա Կազանի հանդիպումը բեկումնային կլինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը ենթադրել են, որ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման գաղափարները ներառող Հիմնարար սկզբունքների ընդունումը թույլ կտա նաեւ վերակենդանացնել հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը։ Այս սկզբունքները կողմերին ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է ներկայացրել։

Սակայն Կազանի հանդիպումը ապարդյուն էր, եւ դրան ի պատասխան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղը հսկողության տակ վերադարձնելու բոլոր տարբերակները, այդ թվում` ռազմականը։

2012-ի հունիսին շփման գծում տեղի են ունեցել արյունալի միջադեպեր, երկու կողմներն էլ կորուստներ են կրել։

Համաշխարհային զարգացումների տարեկան վերլուծության այդ բաժնում հիշատակվում է, որ 2011-ին հայկական ուժերը Ղարաբաղի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

Ադրբեջանը 1 միլիարդ 600 միլիոն դոլարի արդիական զինտեխնիկա, այդ թվում` «Օրբիտեր» եւ «Աէրոսթար» տեսակի 60 միավոր անօդաչու սարքեր գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ։ Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել։

Զեկույցը կազմվել է նախքան մարդասպան Սաֆարովի արտահանձնումը եւ դրան հաջորդած իրադարձությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG