Տպիչի նախընտրանքները
- + Փոխել տառերի մեծությունը.

12.06.2012

ՍԾՏՀ-ի նախագահությունը ստանձնեց Թուրքիան

Երեկ Բելգրադում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես է եկել ելույթով` նշելով անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվել է ՍԾՏՀ-ի 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:

Հանդիպման ժամանակ դրական գնահատականի է արժանացել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի  գործունեությունը ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Նշվել է, որ ՍԾՏՀ-ի նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվել են հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների եւ մշակույթի բնագավառներում:

Հանդիպման արդյունքում ընդունվել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012 թվականի երկրորդ կեսին:

Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են Սերբիայի նորընտիր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

Այսօր Աշոտ Հովակիմյանը այցելել է Բելգրադում Հայաստանի պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013


http://www.azatutyun.am/archive/news/20120612/2031/2031.html?id=24611936