Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ՍԴ կուղարկի ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հայցադիմումը


Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը քննարկման ժամանակ, արխիվ
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը քննարկման ժամանակ, արխիվ
Շաբաթ օրը Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) եւ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների 30 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել Սահմանադրական դատարան ուղարկվելիք հայցադիմումի տակ:

Այն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ով ըստ օրենքի, 24 ժամվա ընթացքում դիմումը պետք է ներկայացնի ՍԴ: Նիկոյանը իր հերթին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայցադիմումը այսօր անպայման կից գրությամբ կուղարկի ՍԴ:

Հայցադիմումը ստորագրել են ԲՀԿ-ի 21 եւ ՀՅԴ-ի 9 պատգամավորներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՍԴ-ում քաղաքական երկու ուժերի դիմումը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այս հայցադիմումով ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որենք ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ընտրությունների մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչը քաղաքական ուժերը կարեւորում են` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորած այս քաղաքական ուժերը կարծում են, որ այդ անճշտությունները «ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս»:

ՀԱԿ-ը, ՀՅԴ –ն եւ ԲՀԿ-ն դիմել էին նաեւ «Ժառանգությանը», որպեսզի այս կուսակցությունը եւս միանար հայցադիմումին, սակայն կարելի է արձանագրել, որ կուսակցությունը չի միացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG