Մատչելիության հղումներ

Ռազմիկ Զոհրաբյան. «Չեմ ուզում այս պահին խիստ նոտաներով քննադատել Վեհաժողովին»


Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցարզրույցում մեկնաբանելով ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւը ասաց, թե չի ուզում «խիստ նոտաներով քննադատել Վեհաժողովին, քանի որ Հայաստանը չի զրկվել ձայնից»:

«Բայց մենք չպետք է մոռանանք», - հավելեց իշխող կուսակցության փոխնախագահը, - «որ երբ իրենք մեզ դասեր են տալիս՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ ազատությունների հետ կապված եւ հոմանիշ են բերում եվրոպական արժեքները, ապա, օրինակ՝ ոչ վաղ պատմական անցյալում, մենք գիտենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչ էր կատարվում Եվրոպայում, այնտեղ մարդկանց նույնիսկ այրում էին, կենդանի թաղում էին»:

«Դա է՞լ է եվրոպական արժեքների մեջ մտնում, թե՞ դա պատմությունից դուրս է», - շարունակեց նա: - «Այսինքն, երբ որ այստեղ եղել են դեպքեր ե՛ւ զոհերի ելքով, ե՛ւ վիրավորների, դա այն մեծ ողբերգությունը չի, որ մարդու իրավունքներ են խախտվել, ինչպես, ասենք, եվրոպական արժեքներում համաշխարհային պատերազմը»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահը գտնում է, որ պետության անվտանգությունը ապահովելու, հասարակական անկարգությունները կանխելու համար պետությունը պարտավոր է այնպիսի միջոցներ կիրառել, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, իսկ մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում՝ «գիտենք, որ այնտեղ արդեն բանակի խնդիր էլ առաջացավ»:

Ըստ Զոհրաբյանի՝ մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնից չզրկվեց, քանի որ Հայաստանը կատարել էր 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների մեծ մասը. - «Փոքր մասեր կային՝ հատկապես քաղաքական մոտիվներով ձերբակալվածների հարցն էր, որ ԵԽԽՎ-ին ավելի էր հետաքրքրում, քան թե մյուսները եւ կարծում եմ, որ մինչեւ ապրիլ, դատավարությունների հարցում որոշակի շտկումներ կլինեն, կլինեն եւ դրական միտումներ կալանավորների համար»:

«Եվրախորհրդից ինչ-որ տեղ նաեւ գոհ ենք, որ այդ պիտակը՝ քաղկալանավորներ ունենալու մասին, հանվեց», - ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG