Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացում է արձանագրվել


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մի քանի ժամ առաջ հրապարակեց մամուլի ազատության 2008 թվականի աղյուսակը: Ցանկում ընդգրկված է 173 երկիր: Մամուլի ազատության գծով ամենամեծ տեղաշարժը` տեղաշարժ դեպի վատթարացում, արձանագրվել է Հարավային Կովկասում:

2008 թվականին Հայաստանում եւ Վրաստանում մամուլի ազատության հետ կապված մեծ խնդիրներ առաջացան` մտցվեց արտակարգ իրավիճակ:

Հայաստանը, որը 2007 թվականին նույն կազմակերպության ցանկում 77-րդ տեղում էր, 2008 թվականին նահանջել է մինչեւ 102-րդ տեղը: Ընդ որում, Հայաստանն ու Թուրքիան նույն ցուցիչներն ունեն` կիսում են նույն տեղը մամուլի ազատության առումով:

«Այդ անկումը, հիմնականում, տեղի ունեցավ հետընտրական իրադարձություններից հետո հայտարարված արտակարգ դրության պատճառով, երբ լրջորեն, կարող եմ ասել` զգալի չափով սահմանափակված էր մամուլի ազատությունը: Բացի այդ, արտակարգ դրություն հայտարարելուց օրեր առաջ արձանագրվել էին լրագրողների նկատմամբ ճնշումների ու բռնությունների դեպքեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հայաստանի նահանջը կազմակերպության Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների գծով փորձագետ Էլզա Վիդաալը:

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, երբ Հայաստանը, դժվար է ասել` հանգիստ, բայց, այդուամենայնիվ, կովկասյան մյուս երկրների համեմատ համեմատաբար ապահով վայր էր լրագրողների համար, ապա այս տարի քարոզարշավի ընթացքում ի հայտ եկան նոր դժվարություններ, որոնք խոչընդոտում էին լրագրողներին նորմալ իրականացնել իրենց պարտականությունները, արձանագրվեցին սպառնալիքների ու բռնությունների դեպքեր, եւ երբեմն նույնիսկ դժվար էր պարզել` ով է այդ հարձակման ու բռնարարքի հեղինակը», - ասաց Էլզա Վիդաալը:

Ըստ նրա` «եթե Հայաստանի նոր նախագահն ու նոր իշխանությունները զգալի քայլեր ձեռնարկեն եւ բարելավեն վիճակը, չի բացառվում, որ հաջորդ տարվա սանդղակում Հայաստանը կարող է ետ բերել կորցրած դիրքերը»:

«Մինչ այժմ մենք չենք տեսել որեւէ կոնկրետ եւ էական բարելավում նոր նախագահի եւ նոր իշխանությունների կողմից, սակայն մենք պետք է ժամանակ տանք նրանց, եւ կարծում եմ, որ հաջորդ տարի արդեն կկարողանանք ցուցակում եզրակացություններ անել նրանց կատարած քայլերից», - ամփոփեց «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փորձագետը:

Վրաստանը, որը 2007 թվականին բավական առաջատար դիրք էր զբաղեցնում` 66-րդը, 2008 թվականին 120-րդն է: Մի քանի լրագրողներ դարձան Վրաստանում հանկարծակի ծագած պատերազմի զոհ:

Հարավկովկասյան մյուս երկիրը` Ադրբեջանը, ավելի վատ դիրքեր է զբաղեցնում: Մամուլի ազատության ցուցիչներով Ադրբեջանում եւս վատթարացում է արձանագրվել, բայց ոչ այնքան թռիչքաձեւ, որքան Վրաստանում եւ Հայաստանում: Ադրբեջանը 11 կետով է հետ ընկել. 2007-ին 139-րդն էր, 2008-ին` 150-րդը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում մամուլի ազատության վատթարացում է արձանագրում:

Ռուսաստանում, որտեղ մամուլի նկատմամբ բռնությունները եւ ճնշումները շարունակվում են, դրությունը փոքր-ինչ փոխվել է Դմիտրի Մեդվեդեւի ընտրությունից հետո: Ընդամենը 3 կետով դրական փոփոխություն է արձանագրված. նախորդ տարվա 144-րդ տեղից Ռուսաստանը հիմա 141-րդն է:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` աշխարհում մամուլի հետ կապված իրավիճակը ամենաբարվոքն է Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում. նրանք աղյուսակի առաջատարներն են:

Իսկ ցանկը եզրափակում են Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Բիրման, Կուբան, որտեղ մամուլի ազատությունը խստորեն սահմանափակված է:


Հեղինե Բունիաթյան եւ Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG