Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դատարանի առջեւ կանգնած Վարդգես Գասպարիի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Դատավոր Արշակ Պետրոսյանի միջնորդության եւ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել այն, որ փաստաբան Շուշանյանը լքել է դատարանի դահլիճը, երբ իր պաշտպանյալը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին:

«Ես գտնում եմ, որ ես հետապնդվում եմ իմ մասնագիտական գործունեության համար», - հայտարարեց Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: - «Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը նպատակ է հետապնդել ինձ հեռացնել կոնկրետ Վարդգես Գասպարիի գործով վարույթից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք դատարանը լքելու հանգամանքը բավարար հիմք էր քրեական գործ հարուցելու եւ փաստաբանին մեղադրանք առաջադրելու համար, Վարդգես Գասպարիի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը պատասխանեց. - «Դա օրենքն է նախատեսում` [Քրեական օրենսգրքի] 343 հոդվածով դա նախատեսված է ուղղակիորեն»:

Հոկտեմբերի 14-ին Փաստաբանների պալատի կոլեգիան կասեցրել է Մուշեղ Շուշանյանի արտոնագրի գործողությունը: Այդուհանդերձ, Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «փաստաբանը կատարել է սխալ, բայց դա այն սխալը չէ, որի համար պետք էր քրեական գործ հարուցել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG