Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության համաձայնագիր են ստորագրել


Այսօր վարչապետ, փետրվարի 19-ի ընտրություններում Հայաստանի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը կառավարությունում ընդունել է նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են Քաղաքական համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի տեքստում ասված է.

«2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները փուլային նշանակություն ունեն մեր երկրի համար

- կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգի զարգացման եւ արդիականացման, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի, երկրում անվտանգության համակարգի ամրապնդման ու զարգացման հրամայականները,

- միջազգային հանրությանն առավել ինտենսիվ կերպով ինտեգրվելու, տնտեսության ազատ եւ մրցակցային զարգացման, հասարակական առողջ հարաբերությունների եւ դեպի զարգացում տանող քաղաքական գործընթացների անհրաժեշտությունը,

- ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող քաղաքական ինստիտուտների ձեւավորման, առողջ մրցակցային ու գործընկերային հարաբերությունների մշակույթի արմատավորման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, նկատի ունենալով, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի` նախագահական ընտրություններում ստացած հանրային վստահության քվեն համագումարով գերազանցում է ավելի քան 1 միլիոն 100 հազար ձայնը, որը կազմում է քվեարկությանը մասնակից քաղաքացիների շուրջ 70%-ը,

- ողջունելով եւ համաձայնություն արտահայտելով ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն ուղղված ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` համագործակցելու պետության ռազմավարական ղեկավարման համակարգում, եւ ստանձնելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական գործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձեւաչափով` այլ համագործակից ուժերի հետ միասին ի նպաստ երկրի եւ ժողովրդի զարգացման եւ անվտանգության»:

Համաձայնագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ ուրախ է, որ Արթուր Բաղդասարյանն արձագանքեց համագործակցության կոչին եւ ի պատասխան այդ արձագանքին «Օրինաց երկիր»-ին առաջարկվել է «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի հետ միասին ձեւավորել կոալիցիոն կառավարություն:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, Սերժ Սարգսյանի խոսքով, «հնարավորություն կտա պարոն Բաղդասարյանին լիարժեքորեն ներգրավվել մեր երկրի կառավարման համակարգի մեջ, լիարժեքորեն մասնակցել մեր երկրի զարգացման գործընթացին»:

Սերժ Սարգսյանը ասաց, որ հուսով է, որ իր առաջարկին կարձանքի նաեւ Դաշնակցությունը:

«Շատ հնարավոր է, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ կոալիցիան լինի քառակողմ», - հավելեց նա:

Արթուր Բաղդասարյանը, ըստ էության այսօր ճանաչեց նախագահի ընտրության արդյունքները. - «Այս համաձայնագրի արդյունքում կանգնած է մեկ միլիոն 150 հազար մարդ, որը կազմում է ընտրողների շուրջ 70 տոկոսը»:

«Սա նշանակում է, որ Հայաստանի նորընտիր նախագահը ավելի վստահ ու վճռական կլինի դիմակայել բոլոր այն մարտահրավերներին, որ կան, իրականացնելու համարձակ դրական բարեփոխումներ մեր երկրի ու ժողովրդի կյանքում», - հավելեց Բաղդասարյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG