Մատչելիության հղումներ

Կանադացիները Հայաստանում գազ եւ նավթ են փնտրելու


Սեպտեմբերի կեսերին աշխարհում գազի ու նավթի պաշարներ փնտրող կանադական «Տրանսեվրոէներջի կորպորեյշն»-ը հորատումներ կսկսի Հայաստանի երեք բնակավայրերում՝ Արմավիրում, Կարմիրում ու Շողաղբյուրում:

«Վստահ եմ, որ Հայաստանի ընդերքում կան գազի ու նավթի պաշարներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մայք Սմիթը: - «Ինչու՞ Հայաստանը չպիտի ունենա գազ ու նավթ, եթե նրա բոլոր հարեւաններն ունեն նման պաշարներ: Իմ կարծիքով, ուղղակի Հայաստանի բախտը անցյալում չի բերել եւ հետազոտությունները արդյունք չեն տվել, սակայն վստահ եմ, Հայաստանում կա գազ եւ որոշ չափով նաեւ նավթ»:

Գիտնականները, ըստ նրա, Հայաստանի ընդերքում վերջին անգամ սեւ ոսկի փնտրել են 70-ական թվականներին: «Դա կոմերցիոն նպատակ չէր հետապնդում, մինչդեռ մենք պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը», - ասում է Մայք Սմիթը:

Այդ նպատակով կանադական ընկերությունը մի քանի օր առաջ համաձայնագիր է կնքել ընդերքում հորատումներ կատարող աշխարհի առաջատար ընկերություններից մեկի հետ, որը պարտավորվել է Հայաստան բերել ժամանակակից սարքեր ու մեխանիզմներ:

«Այդ սարքերը հնարավորություն կտան ուսումնասիրել ընդերքը 2500 մետր խորությամբ, միեւնույն ժամանակ՝ նվազագույն վնաս հասցնել եւ առավելագույն արդյունք ստանալ», - բացատրում է Մայք Սմիթը:

«Կարծում եմ, մենք կսկսենք հորատումները այս տարվա սեպտեմբերի կեսերին, եւ առաջին արդյունքները թերեւս կունենանք 2007 թվականի փետրվարին: Սա է մեր ժամանակացույցը, իհարկե, մեր կամքից անկախ ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք անում ենք ամեն ինչ՝ ծրագրերից չշեղվելու համար», - եզրափակեց «Տրանսեվրոէներջի կորպորեյշն»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG