«Հայոց աշխարհ»-ը փոխանցում է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը. - «Դուք երբեւիցե տեսե՞լ եք, որ ընդդիմությունը խոսի իր ձախողումների, սխալների մասին։ Բոլորը խոսում են վստահությունից։ Վստահության մասին խոսում են մարդիկ, որոնց կողքին իրենց երբեմնի համախոհներն էլ չեն մնացել, մարդիկ, որոնք մինչեւ ժամը 3-ը մի բան են ասում, 3-ից 6-ը՝ լրիվ այլ բան։ Բարոյականության դասեր են կարդում. դասեր տալու փոխարեն նայեք ձեր քաղաքական հետագծին։ Բոլորը խոսում են իշխանության որակի մասին։ Իսկ ո՞վ պետք է խոսի ընդդիմության որակից»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունները որոշել են անցնել հակահարձակման եւ տարբեր երիտհանրապետականների շուրթերով մուննաթ են գալիս ընդդիմության վրա` իբր կառավարության ծրագիրը քննադատում եք, բայց ինքներդ ոչինչ չեք առաջարկում: [...] Եթե մարդկանց մի խումբ զբաղված է երկրի բացահայտ թալանով, անիմաստ է կողքից խորհուրդ տալը, թե «ինչպես ավելի արդյունավետ աշխատել»: Կոնկրետ ծրագիրն այդ իրավիճակում կարող է վերաբերել միայն մարդկանց այդ խմբի չեզոքացման խնդրին: Բայց այս հարցում նույնպես ընդդիմությունը կոնկրետ ծրագիր չունի: Եվ այդ առումով իշխանությունների հեգնանքը տեղին է»: