Մատչելիության հղումներ

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահ


Լուսանկարը՝ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի
Լուսանկարը՝ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի

Այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկել են ԳԱԱ կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ԳԱԱ ընդհանուր ժողովին 159 հոգուց մասնակցել է 135-ը:

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում․ նրա թեկնածությունն առաջադրել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, 2-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:

Ակադեմիայի նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մարտիրոսյանը ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ Ակադեմիայի թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի, ովքեր նույնպես վերընտրվել են իրենց պաշտոններում:

Իր ելույթում Ռադիկ Մարտիրոսյանը, մասնավորապես, ասել է. - «Մեզ հաջողվեց ձեզ հետ միասին ստեղծել 5 գիտական կենտրոններ, որտեղ ընդգրկվեցին նաև այլ գերատեսչությունների կազմում գտնվող կարևոր ինստիտուտներ: ... Հաջորդ հարցը տնօրենների սերնդափոխությունն էր, և մենք ունեցանք տնօրենների մի սերունդ, որ փայլուն դրսևորեց իրեն, և այսօր գիտության դրական միտումը պայմանավորված է այդ տնօրենների նվիրված աշխատանքով ևս: ... Կարևոր քայլ էր ՀՀ ԳԱԱ համակարգում արտասահմանյան անդամների ինստիտուտի ստեղծումը, ինչի հաշվին մեկ տարվա ընթացքում 50-ից ավելի ծրագրերում մասնակցեցին սփյուռքահայ գիտնականներ»:

ԳԱԱ նախագահը նաև կարևորել է սոցիալական խնդիրները՝ նշելով միջին աշխատավարձի բարձրացումը մինչև 100 հազար դրամ, ակադեմիայի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթը, երիտասարդ գիտնականների համար իրականացված բնակարանաշինությունը, որը շարունակվում է, գիտաշխատողների համար երկարացված արձակուրդի վերադարձը, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների ավելացումը և այլն:

Որպես գալիք տարիների համար Ակադեմիայի գործունեության ուղենիշեր Մարտիրոսյանը նշել է. - «Առաջին ուղենիշը մեր հիմնարար հետազոտությունների արդիականացումն է: Մյուսը կիրառական հետազոտությունների ինտեսիվացումն է և այնպիսի աշխատանքներ, որոնք տալիս են ռեալ արդյունք հատկապես երկրի պաշտպանության համար: Մյուսը գիտական ակտիվության չափանիշների և գիտական ակտիվության գնահատականների համակարգի ներդրումն է, որը աշխարհում արդեն կատարվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG