Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանը կրկին փորձում է իր վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին


ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյան, արխիվ
ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հակադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբր «օգտագործվում են ռազմական նպատակներով», ընդգծելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը:

«Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թվականին Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին», - ասված է Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունում:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը շեշտում է՝ կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն և նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլև Լեռնային Ղարաբաղի օկուպացված Շահումյանի շրջանում:

«Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջևանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է և 2005 թվականին նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը», - հայտարարում է Ղարաբաղի արտգործնախարարությունը և հավելում. - «Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան և Նախիջևան»:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Ղարաբաղի տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պաշտպանության տակ:

«ԼՂՀ-ն եղել և մնում է բաց միջազգային համագործակցության համար՝ մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, և նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաև Ադրբեջանից», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG