Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամների ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմի խորհրդակցություն


Մայիսի 26-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության ղեկավար կազմի հանդիպումը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաևը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաևը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, քննարկվել են հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցության մեխանիզմի հանձնարարականների մշակման, հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների պատրաստականության բարձրացման հարցեր:

Միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ՀԱՊԿ ձևաչափով հակազդելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է միավորել ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր կարողությունները և կատարելագործել համագործակցությունը ահաբեկչության, թմրասպառնալիքների, կազմակերպված հանցավորության, հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում:

Քննարկման արդյունքներն ամփոփվել են կառուցողական հանդիպման ավարտին ստորագրված արձանագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG