Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն անցել է «հակառակորդ կողմի զսպման գործողությունների»


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Ապրիլի 23-ի կեսօրից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ)և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել Պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

«Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար կորուստ չի եղել», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և հակառակորդ կողմի զսպման գործողությունների, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ս.թ. ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG