ԵԱՀԿ-ի «Տրոյկան»՝ կազմակերպության գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նախկին նախագահող՝ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչը, հաջորդ նախագահող՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը երեկ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «Տրոյկան» կողմերին կոչ է արել վերջ տալ բռնություններին, խստորեն պահպանել հրադադարը և ընդգծել է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Հանդիպման մասնակիցները անչափ կարևորել են լարվածության թուլացումը և քաղաքական գործընթացի ակտիվացումը, ողջունել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ապրիլի 5-ի հայտարարությունը և իրենց աջակցությունը հայտնել Մինսկի խմբի ու դրա համանախագահների ջանքերին: Նրանք կշարունակեն ուշադրությամբ հետևել զարգացումներին և խթանել քաղաքական գործընթացը, ասված է հաղորդագրությունում: