Մատչելիության հղումներ

ԼՂ հանձնաժողով․ Ադրբեջանի հանձնած բոլոր դիակները ենթարկված էին խոշտանգման


Լեռնային Ղարաբաղ - Զոհվածների մարմինների փոխանակումը, 10-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Զոհվածների մարմինների փոխանակումը, 10-ը ապրիլի, 2016թ․

Նախօրեին ադրբեջանական կողմից հայկական կողմին հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկված էին խոշտանգման ու անարգանքի։ Այդ մասին այսօր հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:

Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, երեկ Ղարաբաղի պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ -ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում ադրբեջանական կողմի հետ: Ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5-ի ռազմական գործողությունների հետևանքով առաջնագծում զոհված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի», - ասված է պետական հանձնաժողովի հայտարարությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը շեշտում է, որ «այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները»։

«Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG