Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյան․ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են


Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:

Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ դեսպանը, մասնավորապես, վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Հետևողական հարձակումները Մինսկի խմբի համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը», - նշել է Արման Կիրակոսյանը:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշեց, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան, որպես ՄԽ անդամ, որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի:

ՀՀ դեսպանը նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ: Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: ՀՀ դեսպանը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար:

Հայկական կողմն ապակառուցողական է որակեց Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին: Որպես օրինակ նշվել է վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը:

Իր խոսքի ավարտին դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG