Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը երեկ ընտրվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016 թվականի հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն է տվել դեսպան Պապիկյանի թեկնածությանը:
Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում և Նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային և վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում: