Պաշտոնական Անկարան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ռուսաստան: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործանախարարության հայտարարությունը:
Երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետաձգել ռուսաստանյան այցերը մինչև «իրավիճակի կարգավորումը»: Նման հայտարարության համար, ըստ նախարարության, հիմք են ծառայել այն դժվարությունները, որոնց վերջին օրերին բախվել են թուրք գործարարներն ու զբոսաշրջիկները Ռուսաստանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն այլևս չի կրկնվի: «Ես իսկապես շատ վրդովված եմ կատարվածով, մենք չէինք ցանկանում դա, բայց տեղի ունեցավ: Ես ուզում եմ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- այսօր, ելույթ ունենալով Բուրհանիե քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին, հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով ռուսական կողմին դրական լույսի տակ քննարկել երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամը:
«Մենք Ռուսաստանին ասում ենք՝ եկեք քննարկենք այդ թեման մեր միջև, մեր սահմանների ներսում, լուծում գտնենք»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ռուսական ՏԱՍՍ գործակալությունը: