Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով կասկածյալը


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննությամբ պարզվել են «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

«Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հովհաննես Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։ Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է վեց մանրագնդակ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, պարզվել է նաև նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ. Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Աթանյանը։

«Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը», - փոխանցում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, Աթանյանի սպանության կասկածանքով Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել, հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է, ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ «սպանություն», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG