Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Նալբանդյանն ասել է, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում գործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Բրիջիթ Բրինքն, իր հերթին, նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներով խոշորագույն ներդրողներից մեկն է Հայաստանում, և լիահույս եմ, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի՝ այս շաբաթվա երևանյան հանդիպումների միջոցով կկարողանանք վերհանել ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ առավել մեծացնելու ուղիներ: Բարձր մակարդակի հանդիպումների այս շարքը մեզ կօգնի ձևավորել առավել շահեկան առևտրային գործընկերություն», - ասել է Բրիջիթ Բրինքը:

Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը։ Կողմերն ընդգծել են, որ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասակար են։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, հակամարտությունների կարգավորման ուղիները:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում և մասնակցությունը այլ երկրներում խաղաղապահ գործողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG